Աշոտ Մանուչարյան. Սա լինելու է Ռուսաստանի ազդեցության տարածք

Նյուպորտում ամերիկյան նախաձեռնությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ի փորձն էր ղարաբաղյան հարցը դուրս բերել ռուսական ազդեցությունից, թեև այդ առումով Արևմուտքի հնարավորությունները շատ սահմանափակ են: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների մասին:

Մանուչարյանի խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը զարգանալու է ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում, և եթե մոտ հեռանկարում չլինի այնպիսի արտառոց զարգացում, ինչպիսին, օրինակ, միջուկային պատերազմն է, ինչը քիչ հավանական է, ապա «սա լինելու է Ռուսաստանի ազդեցության տարածք, որտեղ մյուսները գործելու են մեծ զգուշությամբ և սահմանը պահելով»:

«Անկասկած Արևմուտքն էլ փորձելու է պահպանել իր լծակները և հնարավորությունները: Եվ այստեղ շատ կարևոր է, որ մնան գոնե առանձին խնդիրներ, որտեղ համադրման ցանկություն կա: Ես չեմ ասում, որ նրանք երբևիցէ ի վիճակի են Ղարաբաղի հարցը լուծել. վերջին երկու տասնամյակում որքան ձեզ հետ հանդիպել ենք, ես ասել եմ` Մինսկի պրոցես և այլն, Ղարաբաղի խնդրի լուծման հետ ոչ մի կապ չունեն, դա տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու, բալանսավորելու, համաձայնեցնելու մի հարթակ է: Իսկ այստեղի ժողովուրդները, եթե ուզում են այդ խնդիրը լուծել, պետք է հենվեն իրենց նախաձեռնությունների վրա, և ես ասել եմ, որ Հայաստանն այդպիսի նախաձեռնություն ունեցել է և հիմա էլ ունի, եթե սկսի իրագործել: Իսկ մեզ համար շատ կարևոր է այդպիսի կնճիռները լուծել: Բայց այդ կողմից ընդամենը լինելու է մրցակցություն, որ դա լծակ դարձնեն. Ամերիկան ձգտելու է իր ձեռքին լծակ դարձնել, որ դրանով խեղճացնի Ռուսաստանին, Ռուսաստանն էլ հակառակը`իր ձեռքում»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս