«Փոխհրաձգություն» Գալուստ Սահակյան-Լևոն Զուրաբյան-Էդուարդ Շարմազանով եռյակի միջև

Այսօր ԱԺ նիստում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ Գալուստ Սահակյան-Լևոն Զուրաբյան-Էդուարդ Շարմազանով եռյակի միջև: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Պետական գույքի սեփականաշնորհման 2013 թ. ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում խիստ քննդատության ենթարկեց սեփականաշնորհման գործընթացը ՀՀ-ում: Ըստ նա՝ կիրառվող հնարքներից մեկն այն է, որ մասնավորեցնում են ընկերության ակտիվները և դա թույլ է տալիս շրջանցել ԱԺ-ն, օրինակ՝ Որոտանի դեպքը, սակայն գույքի առանձին տարրերի օտարումն, ըստ օրենքի՝ նույպես պետական գույքի օտարում է, որ պետք է կատարվի ԱԺ համաձայնությամբ: Այս պարագայում, Զուրաբյանի բնորոշմամբ, Որոտանի սեփականաշնորհումը հանցավոր գործարք է: Նա նշեց, որ գործող նախագահի ազգականը «Ձորագետ հիդրո» ընկերություն ստեղծեց և գնեց Ձորագետ ՀԷԿ-ի ակտիվները՝ գրչի մի շարժով ստանալով արտոնյալ պայմաններ:

«Մասնավորեցումը դարձել է մի քողարկում շատ ավելի խոշոր գործարքների, որոնք չեն ներգրավվում այս մասնավորեցման ծրագրի մեջ, որ դեմ են տալիս ու հավանություն են պահանջում: Սա հայ ժողովրդի մեծագույն խաբեություն է: Քաղաքական նիհիլիզմի հետևանքները շատ պարզ են, եթե այսօր գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են, թանկանում են հենց այս պատճառով, որովհետև օրենքը խախտվում է և օգտվում են իշխանությանը մոտ մարդիկ: Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին, պետական սեփականությունը վաճառվում է յուրայիններին չնչին գներով»,- ասաց Լ.Զուրաբյանը:

ԱԺ փոխխոսնակ Է.Շարմազանովը չվարանեց հակադարձել. «Տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթն էի լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որ մեղադրանք է ներկայացնում»: Շարմազանովը նշեց, որ Լ. Զուրաբյանին ներկայացվելու են բոլոր փաստաթղթերը. «Բայց դուք կանգնում, քաղաքական թիվ մեկ ամբիոնից ասում եք՝ հենց էնպես թղթեր են»: Շարմազանովը Զուրաբյանին կոչ արեց «մի քիչ կոռեկտություն պահպանել» և Աժ ամբիոնը մեղադրողի ամբիոն չսարքել:

Ելույթ ունենալու արտահերթ իրավունքով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր կողմից բարեկրթության կոչ արեց՝ նշելով, որ ցանկացած հարց կարող է քննարկման նյութ դառնալ. «Ես բարեկրթության կողմնակից եմ և չի կարելի սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար: Անունը եթե փոխում է քաղաքական ուժը, բովանդակությունը չի փոխվում: Մի քանի հազար վաուչերներով հզոր տնտեսական համակարգերը վաճառեցին: Ընդ որում՝ այնպիսի տնտեսական համակարգ էր, որ մի ձեռքով վաուչերը տալիս էին, մյուսով կես գնով վերցնում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, այդպիսի ժամանակներ էին: Բայց այսօր օրինական ժամանակներ են: Խորը վերլուծության կարիք չկա, փաստաթղթեր կան: ԱԺ-ում դա միայն ժպիտ կարող է առաջացնել, բայց ապակողմնորոշում են ամբողջ մի հասարկության: Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, փաստեր բերել, որ իրականության հետ կապ չունեն, հերոսանալ ու նստել»:

Կարդացեք նաև

Գ.Սահակյանը նկատեց, որ ինքը ելույթը կընդհատեր շատ խիստ ձևով. «Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա խոսա»: Նա որպես օրինակելի ընդդիմադիր օրինակ բերեց Արծվիկ Մինասյանին:

«Ձեր ուսերը այդքան պրկված չեն, որ այդքան բեռ վերցնեն»,- իր ելույթը եզրափակեց Գ.Սահակյանը:

Քիչ անց Լ.Զուրաբյանը կրկին ելույթի իրավունք վերցրեց և հայտարարեց, որ Սահակյանը «հանցավոր սեփականացման տարիներին եղել է իշխող կոալիցիայի կարկառուն դեմքերից մեկը» և նրա ամբողջ քննադատությունը, որ վերաբերում է այդ ժամանակաշրջանին, ինքն ընդունում է որպես ինքնաքննադատություն: Զուրաբյանը խորհուրդ տվեց քննդատելուց մտածել, որ դա «խփում է նաև իր վարկին»:

«Պառլամենտական էթիկետի մեջ չի մտնում տարիքով ավագի և բացակա պատգամավորի ժամանակ խորհուրդներ տալ ու քննադատել»,- դահլիճից դուրս եկած Գ.Սահակյանին փորձեց պաշտպանել Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս