ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը դեմ է դատական երկաստիճան համակարգին

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է եռաստիճան դատական համակարգից անցնել երկաստիճան համակարգի: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանից այսօր 168.am-ը հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում այդ առաջարկը:

«Ես, անկեղծ ասած, բացասական եմ գնահատում: Ասեմ, թե ինչո՞ւ: Որովհետև ներկա դատական համակարգը կառուցված է որոշակի տրամաբանության վրա: Ո՞րն է այդ տրամաբանությունը: Մենք ունենք առաջին ատյանի դատարաններ, որոնք գործը լուծում են փաստի և իրավունքի մասով, և ունենք երկրորդ ատյանի դատարան, որը ստուգում է՝ արդյոք առաջին ատյանի դատարանը և՛ փաստի, և՛ իրավունքի մասով կայացրե՞լ է օրինական և հիմնավորված դատական ակտ: Մենք ունենք երրորդ դատական ատյանը, որը կոչվում է բարձրագույն դատական ատյան, այսինքն՝ վճռաբեկ դատարանը, որի առջև դրված է մեկ խնդիր՝ ապահովել օրենքների միատեսակ կիրառությունը:

Այսպիսով, ստացվում է, որ մենք ունենք երեք դատական ատյան, որոնցից ամեն մեկն ունի իր գործառույթները: Եթե մենք հիմա երկրորդ ու երրորդ ատյանը միացնենք իրար, ապա մենք կարծես թե այն նպատակները, որոնք իրավունքի հիմնարար սկզբունքներից են բխում, կարող ենք կորցնել:

Եվ դրան գումարած, մեր հակառակորդներն ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք դրանով կարող ենք պետական միջոցներ տնտեսել, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ պետական միջոցների տնտեսումը ևս տեղի չի ունենա, որովհետև այդ քանակի գործեր քննելը, միևնույն է՝ կպահանաջի համապատասխան անձնակազմ, միևնույն է՝ կպահանջի համապատասխան աշխատանք, և մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս առումով պետությունը (ես նկատի ունեմ տնտեսական առումով) որևէ օգուտ չի ստանա: Իսկ արդարադատության շահի առումով, կարծում եմ, մենք ավելի հետքայլ կատարած կլինենք, քան այն, ինչ ունենք:

Հիմա մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որը արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ՝ ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ի պատասխան ասաց Դավիթ Ավետիսյանը:

Նրա կարծիքով՝ գործող դատական համակարգը շատ ավելի արդյունավետ համակարգ է, քան այն, ինչ այսօր առաջարկվում է:

«Իմ մոտեցումը դա է, և այդ մոտեցումը կիսում են իմ գործընկերներց շատերը»,- հավելեց նա:

Դ. Ավետիսյանն ասաց, որ իր տեսակետը հայտնել է նաև սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանաձնաժողովին. «Այդ մոտեցումը ես հնչեցրել եմ և կարծես թե որևէ լուրջ հակաարգումետ չեմ լսել»:

Տեսանյութեր

Լրահոս