
Իրանի ու Պակիստանի սահմանապահներին թույլատրվել է ահաբեկիչներին հետապնդելիս հատել պետական սահմանը

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են սահմանամերձ շրջաններում ահաբեկիչներին համատեղ հետապնդելու շուրջ:
Ձեռք բերված համաձայնագիրը երկու երկրների սահմանապահներին թույլատրում է անհրաժեշտության դեպքում հատել հարևան երկրի սահմանը՝ հետապնդելու համար ահաբեկչական խմբերին, որոնք կփորձեն թաքնվել նրա տարածքում:
Պայմանավորվածության համաձայն, հարակից երկրի տարածքում ահաբեկիչներին հետապնդող սահմանապահները պարտավոր են գործել սահմանափակ դիապազոնով ու իրենց գործողությունները համակարգել հարևան այդ երկրի իշխանությունների հետ:
Համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր իրանա-պակիստանյան սահմանին մի շարք լուրջ միջադեպերի գրանցում, երբ զինյալների խումբը փորձել էր Պակիստանի կողմից ներթափանցել Իրան: Վերջին բախումը գրանցբել է երեքշաբթի:
Ջիհադականների մի շարք զինված խմբեր փորձել են մուտք գործել Իրանի տարածք, որպեսզի նրա տարածքով շարժվեն դեպի Իրաք և այնտեղ միանան «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներին: