Նոր վարկ՝ սոցիալական պաշտպանության կառավարման ոլորտի երկրորդ ծրագրի իրականացման նպատակով
Սոցիալական պաշտպանության կառավարման ոլորտի երկրորդ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել է երկրորդ համաձայնագիրը՝ 13.8 մլն դոլար փոխառություն ստանալու վեաբերյալ: Այսօր ԱԺ նիստում համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ վարկի ստացման նպատակն է սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների շարունակականությունը, մատուցվող ծառայությունների բարելավումը և կարողությունների զարգացումն ապահովելը:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահ Արտակ Զարքարյանը նշեց, որ վարկի ընդհանուր ծավալը 21 մլն դոլարից ավելի է, ՀՀ մասնակցությունը՝ 20%, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից 5-ը՝ արտոնյալ ժամկետով: Նա նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք Համաշխարհային բանկը ՀՆԱ/վարկեր հարաբերակցության ո՞ր տոկոսն է համարում ռիսկային ՀՀ-ի համար, և արդյոք վարկերի արդյունավետության հարցն ընդհանրապես քննարկվե՞լ է հանձնաժողովում:
«Վերջին տարիներին միշտ էլ վարկերը եղել են զգայուն սուբյեկտ և միշտ լայնածավալ քննարկում ու վեճեր են եղել: Դրական եզրակացությունը պայմանավորված է եղել դրանց ազդեցության շրջանակով»,- ի պատասխան ասաց Զաքարյանը: