Ռուսական կողմը կասեցնում է Air Armenia-ի աերոնավիգացիոն սպասարկումը՝ կապված պարտքերի հետ
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ՌԴ Օդային շարժի կազմակերպման պետական կորպորացիան սեպտեմբերի 21-ից դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության օդային տիրույթում Air Armenia ավիաընկերության աերոնավիգացիոն սպասարկումը:
Կորպորացիան հայտարարել է, որ չնայած նրան, որ իրենք հայկական ավիափոխադրողին հնարավորություն են տվել հետաձգել պարտքերի վճարումը՝ ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռան նվազեցման ուղղությամբ:
Ռուսական կողմին Air Armenia-ի ապառքը կազմում է ավելի քան 400.000 դոլար, իսկ ընթացիկ պարտքը՝ ավելի քան 700.000 դոլար: Ավիաընկերությունն օրական երկու չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա («Վնուկովո»): Օդանավակայանի մամլո ծառայությունը հայտնել է, որ ներկա դրությամբ ավիաընկերությունը պարտք չէ օդանավակայանին:
Բացի այդ, Air Armenia-ն շաբաթական մեկ չվերթ է իրականացնում դեպի Սամառա, Նիժնի Նովգորոդ ու Եկատերինբուրգ, երեքական չվերթ դեպի Կրասնոդար ու Սանկտ Պետերբուրգ և երկուական չվերթ դեպի Սոչի:
Ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին, սակայն ուղևորների կանոնավոր ավիափոխադրումներով սկսել է զբաղվել 2013 թվականի ամռանը, այն բանից քիչ անց, ինչ իր գոյությունը դադարեցրեց Armavia ավիաընկերությունը: