Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր ադրբեջանական պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:

Հանդիպումը նախ անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերության հարցերը: Հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային ու էներգետիկ անվտանգության խնդրին:

Կողմերը ցանկություն են հայտնել հետագայում խորացնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու մշակութային համագործակցությունը: Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների համար օգտակար կլինի քաղաքական, տնտեսական ու հումանիտար ուղղություններով փորձի փոխանակումը:

Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ քննարկվել են այն կոնկրետ նախագծերը, որոնք Վրաստանն ու Ադրբեջանն իրականացնում են համատեղ: Մասնավորապես, խոսք է գնացել տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտների նախագծերի, այդ թվում նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս