
Տիմոշենկոյի կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքներով կդառնա ընդդիմություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունն առաջիկա ընտրությունների արդյունքներով խորհրդարան մուտք գործելու դեպքում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանության համար կդառնա ընդդիմություն:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խորհրդական, քաղտեխնոլոգ Օլեգ Մեդվեդևը. «Ես կարծում եմ, որ Տիմոշենկոն կգործի առանձին: Իմ կարծիքով՝ ընտրություններին նրա մասնակցելը նշանակում է դառնալ ընդդիմություն»:
Անդրադառնալով Ռեգիոնների կուսակցությանը՝ Մեդվեդևը հայտարարել է, որ ընդհանրապես չի հավատում նրանց քաղաքական ապագային և որ ընտրությունների արդյունքներով այդ կուսակցությունը չի հայտնվի Գերագույն ռադայում.
«Նրանց ժամանակաշրջանն ավարտվել է, նրանք Դոնբասի իրավիճակը պատրաստել են ոչ մեկ տասնամյակ: Ես հուսով եմ, որ Ռեգիոնների կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, չի հաղթահարի անգամ 5 տոկոսանոց շեմը»: Ուկրաինայում խորհրդարանական վաղաժամ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: