Թևան Պողոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին. Խանդի տեսարան չեմ պատրաստվում անել
«Հանդիպել են, լավ են արել: Ոչ առաջին անգամ է, ոչ երկրորդ անգամ: Երկկողմանի տարբեր հանդիպումներ են եղել՝ ՀՅԴ-ԲՀԿ, եռակողմ հանդիպումներ՝ ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀԱԿ, եղել են առանձին-առանձին տարբեր հանդիպումներ: Հերթական հանդիպում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկել էին քառյակի հետագա քայլերը:
Թ. Պողոսյանը նշեց, որ ինչքան քաղաքական ուժերը հանդիպեն, ձևավորեն միասնական օրակարգ, այնքան լավ. «Ժամանակին եղել է քաղաքական կոալիցիա: Վա՞տ է, որ միասին են աշխատում: Հիմա երեք ընդդիմություն և մեկ այլընտրանքային ուժ փորձում են տարբեր հարցերի շուրջ համատեղ օրակարգ ձևավորել: Բնականաբար, գիտակցում են, որ կան հարցեր, որ շատ պրինցիպիալ են քաղաքական ուժերի համար և միասնական չեն լինելու, բայց եթե կան հարցեր, որ միասնական են, ինչո՞ւ ոչ»:
Հարցին՝ «Ժառանգությանը» տեղյակ պահե՞լ են, թե քառյակի մասին ի՞նչ է քննարկվել, պատգամավորը պատասխանեց. «Ինչի՞ պիտի տեղյակ պահեն «Ժառանգությանը»: Քառյակի հանդիպումը եղել ԱԺ-ում, ժամը 13:30-ին: Դրանից ավելի քառյակի շուրջ հարց ուրիշ ուժեր չեն քննարկվել: Քննարկել են ԲՀԿ-ՀԱԿ հարցեր, գուցե որոշ հարցեր համընկել են: Դրա հանդեպ խանդի տեսարան չեմ պատրաստվում անել: «Ժառանգություն» կուսակցության անդամ չեմ, բայց որպես խմբակցության անդամ, շատ հանգիստ եմ վերաբերվում»: