Ինչու Հայաստանում քաղաքացիական դիմակայության արդյունքում բռնի իշխանափոխություն տեղի չի ունեցել
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետխորհրդային շրջանում, ի տարբերություն Վրաստանի, Ղրղզստանի կամ Ուկրաինայի, Հայաստանում բռնի իշխանափոխություն տեղի չի ունեցել: Իրական միակ լուրջ հնարավորությունը 1996-ին էր, երբ ցուցարարները մուտք գործեցին խորհրդարանի շենք, սակայն իշխանությունները կարողացան վերահսկելի դարձնել իրավիճակը:
Դրանից հետո ժողովրդին փողոց հանած առաջնորդները մշտապես հրաժարվել են ուժային դիմակայությունից և ետ կանգնել ժողովրդի կողմից իրենց տված քվեն պաշտպանելու համար «մինչև վերջ» գնալու և իշխանափոխություն իրականացնելու անբեկանելի խոստումներից:
Այս պահվածքը մի կողմից մարդկանց մոտ ընդդիմադիր կուսակցությունների ու գործիչների նկատմամբ հիասթափություն ու անվստահություն առաջացրեց, իսկ մյուս կողմից նաև լրջորեն խարխլեց հավատը ժողովրդի ուժերով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարի վերաբերյալ:
Իշխանության հանձնման միակ դեպքը ՀՀՇ-ի փաստացի հրաժարումն էր իշխանությունից 1998-ին: Թեև շատերն ասում են, որ այն ժամանակ իրենց զենքի սպառնալիքով են ստիպել հրաժարվել իշխանությունից, բայց ով գիտե, թե իրականում ինչ տեղի կունենար, եթե փոքր-ինչ ավելի համառ գտնվեին:
Հայաստանում քաղաքացիական դիմակայության արդյունքում բռնի իշխանափոխություն տեղի չի ունեցել թերևս նաև այն պատճառով, որ ժողովրդին փողոց դուրս բերած ընդդիմադիրները չեն ստացել ակնկալվող աջակցությունը ժողովրդավարության հենասյուներ և իրենց վստահելի գործընկերը համարվող օտար պետություններից: Ընդդիմադիրների համար կարևոր կլինի հիշել, որ չի կարելի այնպիսի խոստումներ տալ, որոնք պատրաստ չեն կատարել՝ գոնե այդքանով պետք է տարբերվեն գործող իշխանությունից»: