Զինանշանո՞վ է որոշվում երկրի թափթփվածությունն ու խեղճությունը. Ռուբեն Բաբայան
Սեպտեմբերի 5-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում բարձրացվել էր Հայաստանի դրոշի, հիմնի և զինանշանի փոփոխելու անհրաժեշտության հարցը: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նշեց, որ այս հարցն առաջացել է, քանի որ ստեղծվել է ՀՀ սահմանադրությունը փոփոխելու հանձնաժողով: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ արտահայտվեցին պետական հիմնի և զինանշանի փոփոխությանը:
Իրականում որքանո՞վ է այս պահին անհրաժեշտ փոխել ՀՀ պետական խորհրդանիշները. այս հարցի շուրջ այսօր զրուցեցինք Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: 168.am-ի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինքը համաձայն չէ այդ փոփոխությունների հետ՝ ասելով, թե դրանով պարզապես փորձ է արվում սքողելու մեր երկրի և հասարակության առջև ծառացած մի շարք այլ խնդիրներ.
«Իմ կարծիքով՝ պետական խորհրդանիշները փոփոխելու անհրաժեշտություն բոլորովին չկա: Ո՛չ դրոշը, ո՛չ հիմնը և ո՛չ էլ զինանշանը երբևիցե արվեստի գործ լինել չեն կարող և չեն էլ հավակնում, քանի որ այս պարագայում միշտ էլ կարելի է ավելի լավ երաժշտություն գտնել կամ ավելի լավ զինանշան, և այլն: Ե՛վ հիմնը, և՛ դրոշը, և՛ զինանշանը որոշակի գաղափար են մարմնավորում, սիմվոլ են հանդիսանում: Այսօրվա պետական խորհրդանիշները Հայաստանի անկախության խորհրդանիշներն են: Եթե մենք հրաժարվում ենք դրանցից, ուրեմն՝ մենք նաև որոշակի վերափոխություններ ենք կատարում մեր անկախության գաղափարի մեջ:
Վերանայումներ կարելի է անել մշտապես, բայց այսօր ավելի կարևոր խնդիրներ և երևույթներ կան վերանայման համար: Պետք է այս հարցը հանգիստ թողնել և զբաղվել պետական անկախությունը և պետականության բովանդակությունը լցնելով: Ինչքան շատ ենք ընկնում ձևի հետևից, այնքան շատ ենք մոռանում բովանդակության մասին: Եթե մենք լինեինք լիակատար, անկախ, կայացած պետություն, ապա բացարձակապես չէինք անդրադառնա այդ պետական ատրիբուտիկային»:
Անդրադառնալով հանձնաժողովի անդամ Լևոն Իգիթյանի այն հայտարարությանը, թե «այն, ինչ այսօր մենք ունենք, մի խեղճ, թափթփուկ երկրի զինանշան է», պարոն Բաբայանն ասաց, որ որևէ պետության խեղճությունը չի կարող որոշվել զինանշանով.
«Ինչպե՞ս է դա որոշվում: Զինանշանո՞վ է որոշվում երկրի թափթփվածությունը և խեղճությունը: Ինչո՞վ է այն խեղճացած: Չեմ կարծում, որ պետության խեղճությունը կամ հզորությունը որոշվում է զինանշանով՝ միաժամանակ շատ հարգանքով վերաբերվելով Լևոն Իգիթյանի կարծիքին: Ուրիշ ավելի կարևոր հարցեր կան. ներքին բովանդակության, երկրի կայացման»:
Մեր հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմնական փոփոխությունների անհրաժեշտություն կա այսօր մեր երկրում, ի՞նչ հիմնական խնդիրներ կան, պարոն Բաբայանը պատասխանեց, որ երկրի և պետականության կայացման, հասարակության ձևավորման անհրաժեշտություն կա. «Դրոշի, հիմնի և զինանշանի փոփոխման հարցը շատ երկրորդական է: Պետք է քայլեր արվեն, որպեսզի երկիրը դարձնեն ավելի ժողովրդավարական, որպեսզի տնտեսությունն ավելի լավ աշխատի, հասարակություն-իշխանություն կապերն ամրապնդվեն և այլն: Բազմաթիվ հարցեր կան այսօր մեր երկրի առջև, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին:
Մենք չենք կարող ասել, որ ինչ-որ ոլորտում մենք հասել ենք գագաթնակետի և այն այլևս բարելավելու կարիք չունի: Նույնիսկ ամենակայացած երկրներում բարելավումների կարիք կա: Սա շատ միանշանակ է, հակառակ դեպքում կյանքը կանգ է առնում: Եթե մենք լուծենք այդ խնդիրները, կտեսնենք, որ զինանշանին, օրհներգին և դրոշին անդրադառնալու կարիք էլ չկա: Ես ինձ ո՛չ այս դրոշի, ո՛չ այս օրհներգի և ո՛չ էլ այս զինանշանի պարագայում նվաստացած չեմ զգում. ես ինձ այլ հարցերում կարող եմ նվաստացած զգալ, բայց ոչ այդ…»: