Ֆինանսական բուրգի գործով տուժողի խոսքով՝ պարտքի դիմաց իր տարածքն անվանափոխվել է Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը, որի ընթացքում հարացաքննվեց այս գործով տուժողներից մեկը: Նա դատարանում հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ճանաչում է 90-ական թվականների սկզբից, նրա հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, հետագայում ամբաստանյալը դարձել է իր պսակադրության կնքահայրը:

Տուժողն ասաց, որ 2010թ. հունիսն խոսակցության ժամանակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իմացել է, որ ինքը խոշոր գումար ունի, առաջարկել է 50 հազար եվրո տալ իրեն՝ տարադրամի փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու համար: Ըստ տուժողի՝ պայմանավորվել են, որ ամսական 2 տոկոս եկամուտ պետք է ստանար, ինքն էլ տրամադրել է գումարը, հետագայում այլ գումարներ էլ է տվել ամբաստանյալին, ինչպես նաև գրավադրվել են տարածքներ:

Տուժողը դատարանում հայտնեց, որ Երևանի Բաղրամյան փողոցում տարածք է ունեցել, ամբաստանյալն առաջարկել է գնել այն. «Եկանք ընդհանուր հայտարարի, որ գնում է 250 հազար դոլարով, բայց մենք այս տարածքը անվանափոխում ենք իր անունով, ինքը «Յունիբակում» գրավ է դնում, այդ գումարները պտտեցնում է իր շրջանառության մեջ, 21 ամիս հետո իմ գումարները պետք է վերադարձնի, բայց քանի որ, կոպիտ ասած, տարածքն իմն էր, ասաց՝ ամիսը 3000 դոլարի կարգի քեզ վարձավճար կտամ»:

Ըստ տուժողի՝ 2013թ. մարտին ամբաստանյալն իրեն հայտնել է, որ «ընկել է տոկոսների տակ»: Ինքը հետագայում պարզել է, որ իր տարածքն անվանափոխվել է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունով՝ «պարտքրեի դիմաց»: Դրանից հետո իրենք հաղորդում են ներկայացրել, հարուցվել է քրեական գործ: Տուժողը հայտնեց նաև, որ հատագայում իրեն է անցել ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին պատկանող ավազահանքի մի մասը. տուժողի խոսքով՝ ինքն այժմ դրա գումարը, ինչպես նաև ժամանակի ընթացքում Արթուր Անդրեասյանի կողմից իրեն վճարված տոկոսները համարել է մայր գումարի մարում:

Տեսանյութեր

Լրահոս