Եգիպտոսն առաջարկել է իր տարածքների հաշվին հինգ անգամ մեծացնել Գազայի հատվածի տարածքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսն առաջարկում է Սինայի թերակղզում իր տարածքների հաշվին 5 անգամ ընդլայնել Գազայի հատվածը՝ այնտեղ ստեղծելու համար պաղեստինյան ապագա պետություն: Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Այս գաղափարը պատկանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, սակայն այն աջակցության չի արժանացել գլխավոր հասցեատիրոջ՝ Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից:
Իսրայելի պաշտպանության բանակին պատկանող վերոնշյալ ռադիոկայանի հաղորդագրությունում նշված է. «Եգիպտոսի նախագահն Աբբասին առաջարկել էր հեռու գնացող պլան, որի համաձայն, Եգիպտոսը Գազային հատկացնում է 1600 քառակուսի կիլոմետր, ինչն անկլավի տարածքը մեծացնում է 5 անգամ:
Այնտեղ պետք է ստեղծվի պաղեստինյան պետություն՝ Պաղեստինյան վարչակազմի ամբողջական վերահսկողությամբ»: Ներկա դրությամբ Գազայի հատվածի տարածքը կազմում է 350 կիլոմետր քառակուսի, ուր ապրում է 1.7 միլիոն մարդ: Այն գտնվում է ՀԱՄԱՍ-ի իսլամականների իշխանության ներքո: