
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունները կշարունակեն Նյու Յորքում. Մամեդյարով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպման արդյունքները, հիշեցրել է Ջոն Քերիի այն խոսքերը, որ եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը:
Մամեդյարովի խոսքերով՝ տվյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ, որը հենված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա: Մամեդյարովը համաձայնագրի ստորագրման հնարավորությունը շաղկապել է հայկական զորքերի դուրս բերման հետ:
Մամեդյարովի խոսքերով՝ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել շփումները ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Մամեդյարովն ընդգծել է, որ հետագա խորհրդակցությունների համար մոտ ժամանակներս Երևան և Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: