ՀՀԿ-ն մերժում է քառյակի առաջարկը
«Իշխանությունները առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների շրջանակում ձևավորել են ԱԺ աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որը գուցե շատ կարևոր է, բայց մի հարց ներառված չէ օրակարգում, որը ճակատագրական է»,- այսօր՝ ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ԱԺ նախագահից քառյակի անունից պահանջելով անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ՝ աղետալի չափերի հասնող և ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի թեմայով:
Լ. Զուրաբյանի խոսքով, ոչ թե չարամիտ ուժերի, այլ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2013թթ. ընթացքում ՀՀ-ից հեռացել է 212 հազար մարդ, իսկ վերջին տարիներին արտագաղթի տարեկան միջինը բարձրացել է 41 հազարի: ՀԱԿ-ական պատգամավորը նշեց, որ ՀՀ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ բնակչությունն արտագաղթում է խաղաղ պայմաներում: Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է քննարկումներ սկսել արտագաղթի շուրջ և իրենք պատաստ են բաց քննարկումների:
«Եկեք բաց խոսակցություն սկսենք ժողովրդի հետ»,- կոչ արեց նա:
«Ժողովրդի հետ մենք խոսում ենք առանց միջնորդների»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Որոշ ժամանակ անց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կրկին անդրադարձավ արտագաղթի թեման քննարկելու խնդրին ու նշեց, որ ուսումնասիրել են այս 10-15 տարիների ընթացքում ՀՀ-ում բոլոր դեմոգրաֆիկ փոփոխությունները և շատ լուրջ խոսելու նյութ կա: Նա առաջարկեց ԱԺ նախագահին՝ որոշել լսումների կարգը, որը կարող է լինել բաց կամ փակ, որպեսզի շահարկումներ չլինեն. «Հարցի քննարկումը թիվ մեկ մարտահրավեր է»,- ասաց նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր հերթին նշեց, որ եթե գյուղերից մեկում տարիներ առաջ 30 առաջին դասարանցի կար, այսօր 1 առաջին դասարանցի կա: Նա կարևորեց արտագաղթի հարցի քննակումը, քանի որ երևույթը հետևանք է, պատճառներն այլ են, ու կոչ արեց սահմանամերձ համայնքների բնակիչների խնդրանքը կատարել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնը հայտարարեց թե պատգամավորները գնահատականներ են տալիս, էլ ի՞նչը քննարկեն: Ամեն դեպքում նա նշեց, որ քննարկման իրավասությունը հանձնաժողովներինն է. «Հարցը նախապատրաստեք, կնայենք»: