
ԱՄՆ-ում ավելի քան 1000 երեխա վարակվել է անհայտ վիրուսով

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ 10 նահանգում ավելի քան 1000 երեխա վարակվել է շնչառական անհայտ վիրուսով: 68 հիվանդ հոսպիտալացվել է, մի քանի դպրոցական հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները դեռ չեն հստակեցրել, թե ինչ վիրուս է դա, սակայն նրանց տեղեկություններով՝ այն մոտ է հազվադեպ հանդիպող էնտերովիրուս 68-ին: Հիվանդությունը նման է սովորական հարբուխի՝ ուղեկցվում է մրսածությամբ ու ջերմությամբ:
Բժիշկների խոսքերով՝ վարակման վտանգի տակ են ասթմայով տառապող մարդիկ և 5 տարեկանից փոքր երեխաները: Նրանց համար ամենամեծ վտանգը ներկայացնում է շնչառությունը դժվարացնող հազը:
Հիվանդանալու դեպքեր գրանցվել են Միսսուրի, Կանզաս, Իլինոյս, Քենթուքի, Այովա, Կոլորադո, Օհայո, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա ու Ջորջիա նահանգներում: ԱՄՆ-ում մտավախություններ ունեն, որ այդ վիրուսի հետագա բռնկումը կարող է հանգեցնել ազգային համաճարակի: