
Մալայզիայի պաշտպանության նախարարն այցելում է Կիև, Մոսկվա ու Ամստերդամ՝ կապված «Բոինգի» ավիաաղետի հետ

New Strait Times թերթի փոխանցմամբ՝ Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդդին Հուսեինը սեպտեմբերի 10-ին ժամանելու է Մոսկվա՝ քննարկելու համար Դոնեցկի մարզում Boeing 777-ի ավիաաղետի հետաքննման ընթացքը:
Ռուսաստանի մայրաքաղաքից Հուսեինը մեկնելու է Ամստերդամ, ուր նույնպես քննարկելու է «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության օդանավի աղետի հետաքննման գործընթացը: Հուսեինն այսօր ժամանում է Կիև՝ անձամբ համոզվելու համար, որ անվտանգ է օդանավի կործանման վայր մուտք գործելը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում պահպանվող լարվածությունը բարդացնում է մյուս երկրներին, այդ թվում նաև Ավստրալիային ու Նիդերլանդներին համոզելու փորձերը՝ ուղղված դեպքի վայր իրենց փորձագետներին ուղարկելու: