
Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան բացումը կախված է խորհրդարանի որոշումից: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նրա խոսքերով՝ իրանա-բրիտանական հարաբերությունների կարգավորման ճանապարհին կան մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան աստիճանաբար.
«Մեր հարաբերությունների նորմալացումը նախևառաջ սկսվել է գործերի ժամանակավոր հավատարմակատարների նշանակումից, ապա մենք հասել ենք այն մակարդակին, որում նրանք դարձել են ռեզիդենտներ: Հաջորդ քայլը պետք է լինի հյուպատոսային ու վիզային ծառայությունների տրամադրումը»:
Մեծ Բրիտանիան Թեհրանում իր դեսպանատունը փակել է և իր բոլոր աշխատակիցներին հետ է կանչել դեռևս 2011 թվականի նոյեմբերին, երբ Իրանի հանդեպ սահմանված բրիտանական պատժամիջոցներից դժգոհ իրանցի ուսանողները հարձակվել էին բրիտանական դեսպանատան վրա: