
Վրաստանի նախագահը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ ընդունել է երկրում գտնվող Պենտագոնի ղեկավարին: Հանդիպման գլխավոր թեման եղել են Ուելսի գագաթաժողովի արդյունքներն ու այն փաթեթը, որը կօգնի Վրաստանին՝ նախապատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն և կուժեղացնի նրա անվտանգությունն ու պաշտպանությունը:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է ու աջակցում է նրա հյուսիսատլանտյան ինտեգրմանը: Չաք Հեյգելն ԱՄՆ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլուն՝ կապաված ISAF-ի առաքելությանը վրացի զինվորականների մասնակցելու հետ:
Մարգվելաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Հեյգելին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի աջակցելու համար: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերություններն ու կոնկրետ նախագծերը, որոնք իրագործվելու են առաջիկայում:
Սրանից առաջ Չաք Հեյգելի հետ հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: