Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին. Ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել պատգամավորների գործունեությանը:

«Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը:

Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել է Ս. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս