Վերջին շրջանում նկատվում է հիպոթեքային վարկերի պահանջարկի նվազում
2014 թ. օգոստոսի սկզբի դրությամբ` Ազգային հիփոթեքային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվել է թվով 59 հիփոթեքային վարկ` 458 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Ըստ ԱՀՀ հրապարակած ցուցանիշների՝ բնակարան ձեռք բերելու վարկերի հիմնական մասը հատկացվել է Երևանում, իսկ մարզերում վիճակը բավականին պասիվ է, հատկացվել է 2-3 վարկ, առավելագույնը Շիրակում է՝ 5 վարկ, Սյունիքում և Վայոց ձորում 1-ական վարկ է տրվել, իսկ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Տավուշում, Գեղարքունիքում հիպոթեքային ձեռք բերման վարկեր քաղաքացիները չեն վերցրել:
Նշենք, որ վերջին շրջանում նկատվում է հիպոթեքային վարկերի պահանջարկի նվազում: Ճգնաժամից հետո տարեկան կտրվածքով ՀՀ քաղաքացիները վերցնում էին շուրջ 1000 հատ վարկ, իսկ անցած մեկ տարում այն գրեթե կրկնակի կրճատվել է: Այս իրադրության պատճառները կարող են մի քանիսը լինել՝ հիպոթեքի պահանջարկ ունեցող և վարկունակ քաղաքացիներն արդեն վերցրել են վարկեր, վարկավորման պայմանների խստությունը, որի պատճառով կարիքավորները չեն կարողանում վարկ վերցնել և, իհարկե, արտագաղթը:
Հավելենք նաև, որ հիպոթեքային վակերի տոկոսադրույքների նվազեցումը կարող էր զգալիորեն բարելավել դրությունը, նաև ընդհանուր առմամբ կակտիվացներ անշարժ գույքի շուկան ու շինարարության ոլորտը, սակայն բանկային համակարգը հիպոթեքի տոկոսադրույքի նվազեցման չի գնում, իսկ վարկավորման համար բազմաթիվ փաստաթղթեր են պահանջում, տեղեկանքներ աշխատավայրից, ապացույցներ և այլն, ինչը խիստ բարդացնում է գործընթացը: