Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին:

Նախարարը երկարամյա ծառայության կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական վարչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին, ով չէր կարողացել ներկայանալ հանդիպմանը, և նորանշանակ պետին խնդրել է Հայկ Հարությունյանի սկսած բոլոր դրական ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակել:

«Արթուր Օսիկյանը երկրում հայտնի իրավաբան է, մեծ փորձառությամբ պետական ծառայող, ով աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում, Կառավարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, դատախազական համակարգում և վերջին մի քանի տարիներին բավականին լուրջ գործունեություն է իրականացրել Ոստիկանությունում: Վստահ եմ՝ այն ամբողջ ներուժն ու փորձառությունը, որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառի երկրի կարևորագույն հատուկ ծառայությունում՝ քրեակատարողական համակարգում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ամիսներ առաջ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանն ու բարեփոխմանն ուղղված աշխատանքներին՝ մասնավորապես այլընտրանքային պատժամիջոցների ներդրմանը, որի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներն արդեն սկսվել են և, նրա համոզմամբ, հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն կունենանք կայացած Ծառայություն:

«Մեր առջև նպատակ ունենք բարելավել քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները: Առաջիկայում շահագործման կհանձնենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը բավականին կթեթևացնի գործող քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, կարծում եմ, առաջիկա ամիսներին լուրջ անելիքներ ունենք՝ հասկանալու, թե ո՞ր ուղղություններն ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն, որո՞նց ուղղությամբ պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է Հովհաննես Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ Արթուր Օսիկյանն այս հարցերի լուծման ճանապարհներն առաջիկայում կունենա:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

«Վստահությամբ հանդերձ, որ ձեր ղեկավարությամբ այս համակարգը շատ մոտ ապագայում կարողանալու է դրական տեղաշարժ արձանագրել, ես ձեր առջև դնում եմ պատասխանատվություն՝ տարեվերջին հանրությանը հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել այդ մի քանի ամիսների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կրկին շնորհավորելով Արթուր Օսիկյանին նշանակման կապակցությամբ և վստահեցնելով, որ այդ մեծածավալ աշխատանքը կիրականացնեն համատեղ ուժերով:

Արթուր Օսիկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կարևորագույն ծառայության ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար և, դիմելով ծառայության աշխատակիցներին, նշել, որ միասին պետք է անեն հնարավորը ՀՀ Նախագահի, Կառավարության և նախարարի կողմից դրված խնդիրները պատվով լուծելու համար:
«Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքը կկատարեն ազնիվ ու արդար՝ միասին, ուս ուսի տված կգնանք առաջ: Ձեր առջև դրվող խնդիրներից առաջնայինը ձեր պարտականությունների պատշաճ կատարումն է, իսկ իմ խնդիրը կլինի ձեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը: Մենք միասին ամեն ինչ անելու ենք դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար: Ես հաստատակամ եմ համակարգի առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար»,- շեշտել է Քրեակատարողական վարչության նոր պետն ու խոստացել առաջիկայում ունենալ տեսանելի արդյունք:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս