«Պաշտպանության նախարարությունը Բաքուն Մարզահամերգային համալիրի հետ է շփոթել»
«Պարոն վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի, հայտարարությունը կարելի է դիտարկել ուղղակի դեկորատիվ, երբ հայտարարեց, որ այս երկրում ոչ մեկից ոչինչ չի խլվելու»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մամուլի ու հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ հավելելով, թե այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հիմա Մարզահամերգային համալիրում մնացել է թվով 12 անհատների և կազմակերպությունների պատկանող գույք՝ բացի աշխատողների այն սեփականությունից, որը մնացել էր վտարման օրը:
Կ.Գրիգորյանի խոսքով՝ եթե ընդունում ենք, որ կառույցը սնանկ է, պետք է լիներ սնանկության կառավարիչ. «Այս առումով պետք է գույքը ղեկավարեր սնանկության կառավարիչը, ըստ որի, պետք է հստակ երևար այդ գույքերի տարանջատումը՝ որն է ՄՀՀ-ին պատկանւմ և որը ՄՀՀ-ին չի պատկանում: Այն գույքը, որը գտնվում է ՄՀՀ-ում, բայց չի պատկանում ՄՀՀ-ին ոչ ոք երբևիցե իրավունք չունի շահագործելու, դա կարող են մաքսիմում վերցնեն ի պահ: Այս իրավիճակում ստացվում է, որ ՄՀՀ-ում բավականին մեծ քանակությամբ գույք կա և դրանք իրավունք չունեն շահագործվելու: Ընդհանուր այս իրավիճակից ելնելով՝ կարելի է ասել, որ ՄՀՀ-ն դեռ երկար ժամանակ չի շահագործվի, որովհետև այս խնդիրը շատ հեղեղուկ վիճակում է, ինքը հստակ լուծում չունի»:
ՄՀՀ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այս առումով իրենք դիմել են գլավոր դատախազին, սակայն դեռևս կոնկրետ նրանից պատասխան չեն ստացել. «Ստացել ենք ավելի ցածր օղակներից ինչ-որ գրավոր պատասխան, թե հանցակազմի բացակայության պատճառով ոչինչ չենք կարող անել, բայց ի՞նչ հանցակազմի մասին ենք խոսում, մենք խոսում ենք, որ խայտառակ վիճակ է, հստակեցումներ չկան: Այսինքն՝ մի վիճակ է, որտեղ մեզանից հեռու, առանց մեզ՝ անում են գործընթաց, մենք տեղյակ չենք՝ ինչ է կատարվում:
Շատ խորը հիմքեր ունեմ, որ ալան-թալան էլ է կատարվում: Էլ չասեմ, թե այս ընթացքում ինչի են վերածել ՄՀՀ-ն: Այնտեղ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, մոռանալով իրենց համազգեստը երևի թե, սարքել էին կերուխումի, ինչ-որ հավաքույթի վայր: Այնտեղ ամենուր կտենայիք արևածաղկի սերմերի մնացորդներ, «ֆասթ-ֆուդի» ամենատարբեր պակետները թափված ամեն տեղ: Մի խոսքով՝ աղբանոց են վերածել: Այսինքն՝ խոսքը գնում է տարրական կուլտուրայի բացակայության մասին»:
Կ.Գրիգորյանը պատմեց, որ երբ այս վերջին օրերին Պաշտպանության նախարարությունը գնացել է ՄՀՀ, թույլ է տվեցլ մարդկանց մտնել ներս. «Բայց թույլ տվեց մտնել այն կարգավիճակով, որ անկախ քեզնից, թվում է, թե Մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարության համար ռազմական ավար է, ու թվում է, թե կողմնացույցի բացակայության պատճառով՝ Բաքուն Մարզահամերգային համալիրի հետ են շփոթել: Այսինքն՝ աշխատակիցներին թողեցին ներս՝ ինչպես ռազմագերիների»- նշեց նա: