Կատվախոտ, նույն է` վալերիանա

Բույսի անվանման վերաբերյալ կա մի քանի վարկած։ Ոմանք կարծում են, որ բույսի անվանումը համահունչ է Հռոմի կայսր Վալերիանի (Ք.հ. 3-րդ դար) անվան հետ։ Ավելի հիմնավոր է այն կարծիքը, որ անվանումն առաջացել է լատիներեն` առողջ լինել` «valeo» բառից։ Հնարավոր է նաև, որ բույսի կնքահայրը հայտնի հռոմեացի բժիշկ Պլինիուս Վալերիանն է։ Կատվախոտ անվանումը, նույնն է` կատվարմատ, կատվի դեղ, կատվակնծկունծ հայերեն անվանումները, կապված են բույսի սև, եզրերում վարդագույն ծաղիկների հաճելի հոտի հետ, որից գրգռվում են կատուները: Բույսն ազդում է կենդանու ուղեղի վրա։

  • Կատվախոտ անվանումը, անշուշտ, ունի խորը գնացող արմատներ, քանի որ պահպանվել են պատմական հիշատակումներ այն մասին, որ ի տարբերություն ժամանակակից բժիշկների` Դիոսկորիդիսը և Պլինիուս-ավագը կարևորել են վալերիանայի գրգռիչ ազդեցությունը և կարծել են, որ բույսից ստացված պատրաստուկներն ի զորու են ուղղորդել մարդու միտքը։

Միջնադարում համարվել է, որ կատվախոտն ունի մոգական հատկություններ։ Բույսի խոտը լցրել են պարկիկների մեջ, կրել այն, որպեսզի գրավեն սիրելիի ուշադրությունը։
ՀՀ տարածքում կատվախոտը տարածված է ցածրադիր լեռնային գոտուց մինչև բարձրադիր գոտիները, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր մարզերում, Երևանում։

Կատվախոտազգիների ընտանիքին պատկանող բազմամյա դեղաբույս է։ Ունի տանձաձև հաստ արմատներ։

Ցողունի բարձրությունը հասնում է մինչև 150 սմ-ի, որի գագաթում կա խիտ ծաղկաբույլ, ստորին տերևները երկարավուն են, հիմքում` նեղ, ցողունայինները քնարաձև են, փետրաձև կտրտված։ Սերմերը թավոտ են, ինչի շնորհիվ քամու միջոցով տարածվում են մեծ տարածությունների վրա` սկիզբ տալով նոր ծիլերին։

Արմատները պարունակում են եթերային յուղ, որի մեջ կան իզովալերիանաթթու, բորնեոլ, մերթենոլ, իզովալերիանային եթեր, մրջնաթթու, քացախաթթու, ինչպես նաև վալերին և խատինին ալկալոիդներ, նաև բորնիլ-ացետատ, բորնիլ-վալերիանատ, սեսկվի-տերպեններ, խեժեր, գլյուկոզիդներ, տանին, շաքարներ։

Կան կատվախոտի տեսակներ, որոնց ծաղիկները բաց վարդագույն են։ Բուժական նպատակներով օգտագործելու համար օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքում են 2 և ավելի տարեկան բույսերի արատները։ Հումքը պետք է թափահարել, որպեսզի ազատվի հողից, լվանալ հոսող ջրի տակ, դիզել փոքր` մինչև 15 սմ բարձրության թմբիկներ, իսկ 3 օրից փռել բարակ շերտով` փակ օդափոխվող ծածկի տակ։ Որքան դանդաղ է կատարվում չորացումը, այնքան լավ են պահպանվում բույսի օգտակար նյութերը։

Բույսի եթերային յուղը հանգստացնում է ջղակծկումները, խթանում և երկարաձգում է քնաբեր դեղամիջոցների ազդեցությունը, բարձրացնում է ուղեղի կեղևում կատարվող գործընթացի արագությունը, լավացնում է պսակաձև երակում արյան շրջանառությունը, ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և լեղու արտադրությունը։ Կիրառվում է որպես հանգստացնող միջոց` նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների, ընկնավորության, միգրենի, սրտի նևրոզի, հիպերտոնիայի առաջին փուլի, տախիկարդիայի, ստամոքսի նևրոզի, կերակրափողի սպազմի, բազեդովյան հիվանդության դեպքում։ Երբեմն կարող է օգտագործվել մարդկանց հիպնոսի ենթարկելու համար։

Կատվախոտն ընդգրկված է կորվալոլի, վալոկորդինի, կարդիովալենի, զելենինի կաթիլների, կամֆորա-վալերիանի կաթիլների բաղադրության մեջ։

Դեղատոմսեր

  • Անքնություն, նյարդային անհանգստություն, սիրտ-անոթային համակարգի նևրոզ.- Կատվախոտի արմատը մանրացրեք, 5 գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 2 ժամ պահեք ջրային բաղնիքի (թույլ կրակ) վրա։ 15 րոպե թրմեք, քամեք։ Լրացրեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` առավոտյան և քնելուց առաջ` գոլ վիճակում, մեղրի հետ։
  • Սրտացավ.- միգրեն, հիստերիա, ընկնավորություն. Կատվախոտի 1 թ/գ մանրացրած արմատը 8 ժամ թրմեք սառը (նախօրոք եփած) 200 մլ ջրի մեջ, քամեք, խմեք 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։
  • Նևրոզ.- Կատվախոտի չոր արմատը փոշիացրեք, խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
  • Դաշտանադադարի շրջան.- 5 գ մանրացրած արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` առավոտյան և քնելուց առաջ։ Լայն կիրառում ունի կատախոտի արմատից պատրաստված ոգեթուրմը։
  • Հակացուցումներ.- Էնտերոկոլիտ, արյան բարձր մակարդելիություն, թրոմբոֆլեբիտ, իշեմիկ ինսուլտ կամ սրտամկանի ինֆարկտ։ Խորհուրդ չի տրվում պատրաստուկներն անընդմեջ օգտագործել 2 ամսից ավելի։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս