Թեժ քննարկում կառավարության նիստում՝ ինչ անել, երբ պաշտոնյային հայհոյում են թեմայի շուրջ

Այսօր կառավարության նիստում օրակարգային հարցերի սպառումից հետո բուռն ֆուտուրիստական քննարկում սկսվեց պաշտոնյաների արժանապատվության պաշտպանության, վիրավորանքի դեպքում պատասխանատվության միջոցների շուրջ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կատարելով նախորդ նիստերից մեկում վարչապետի հանձնարարականը, մանրամասն զեկուցեց, թե ինչ պաշտպանության միջոցներ կան, այդ թվում` լրագրության ոլորտում:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ մի մարդ (ԳԽ. մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը) իրեն ու Գիտության պետական կոմիտեի նախագահին «վերջին բառերով» վիրավորում է, վերջին շրջանում էլ ավելի ագրեսիվ է դարձել:

«Ո՞ւմն եք դիմել, Ռադիկ Մարտիրոսիչ»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նման դեպքերում անձը պետք է դիմի դատարան:

Կարդացեք նաև

«Դա խուլիգանություն չի՞»,- հետաքրքրվեց վարչապետը:

Գ.Կոստանյանը պարզաբանեց, որ «խուլիգանություն» որակվում է հասարակական նշանակության արարքը, իսկ երբ կոնկրետ անձին են վիրավորում, դա խուլիգանություն չէ և պետք է դիմել դատարան:

«Հիմա պարոն Մարտիրոսյանին որ հայհոյում են, ինքը ի՞նչ պիտի անի»,- կրկին հետաքրքրվեց Հ.Աբրահամյանը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել այդ վիրավորողի հանդեպ. «Եկեք դրանով սահմանափակվենք, խոսքը 85 տարեկան մարդու մասին է»,- հորդորեց նա:

«Հարցի լուծումը ես չհասկացա՝ մադուն վիրավորեն, գնա տուգանք տա, պրծնի՞: Եկեք հասկանանք, էսքան իրավաբան կա ստեղ: Մարդը ակադեմիկոս մարդ ա, հայհոյում են, ի՞նչ անի»,- շարունակեց հարցնել Հ.Աբրահամյանը:

«Իրավունք ունի դատարան դիմել, իր խնդիրն է»,- կրկնեց Գ.Կոստանյանը:

Վարչապետը Ռ.Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք դիմե՞լ է դատարան, բայց Մարտիրոսյանի խոսքը լրագրողները չկարողացան լսել՝ միկրոֆոնն անջատված էր, միայն հասկացանք, որ նա հայհոյանքի բովանդակությունից էր բողոքում:

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն էլ հայտարարեց, որ եթե հասարակական վայրում բազմակի վիրավորում են, դա հասարական կարգի կոպիտ խախտում է և բացահայտ անհարգալից վերաբերմունք, որը Քրեական օրենսգրքով «խուլիգանություն» է, ու նման դեպքում տարիքը կապ չունի:

«Ինչքան իրավաբան, էդքան կարծիք: Հիմա ես ո՞ր մեկին հավատամ»,- տարակուսեց Հ.Աբրահամյանը:

Հ.Մանուկյանը համաձայնեց դատախազի կարծիքի հետ և նշեց, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը կարող է վերջ դնել նման խնդիրներին և լուծել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս