Սերգո Կարապետյանը Արագածոտնի մարզում շրջել է խնձորի այգիներում ու հետևել սպանդանոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք բերել ֆերոմոնային թակարդներ՝ խնձորենու պտղակեր վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև աջակցել մատչելի պայմաններով թունաքիմիկատների ձեռքբերման գործում: Որոշ այգիներում տարածվել է բակտերիալ այրվածք հիվանդությունը, սակայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գյուղատնտեսները տրամադրում են համապատասխան նյութեր՝ ճիշտ ագրոտեխնիկական աշխատանքներ կատարելու համար:

Այնուհետև Ապարանի տարածաշրջանի Վարդենուտ համայնքում նախարարը հետևել է կառուցվող սպանդանոցի շինարարության աշխատանքներին: Այս սպանդանոցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրվող 5 սպանդանոցներից մեկն է, որտեղ նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների մորթ: Սպանդանոցի շահագործումը հնարավորություն կտա կազմակերպել մարզի և հարևան շրջանների գյուղատնտեսական կենդանիների կանոնակագրված մորթ: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցի շինարարությունն արդեն ավարտման փուլում է և մեկ ամսից այն կհանձնվի շահագործման:

Նախարար Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառն Աղձք համայնքի «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն էր, որի գործադիր տնօրեն Արթուր Համբարձումյանը նախարարին ներկայացրել է, որ ընկերությունն ունի վանդակային պահվածքով՝ գերմանական արտադրությամբ, 5 թռչնանոց և պատրաստվում է ևս մեկը հանձնել շահագործման: Այս պահին ընկերությունն արտադրում է օրեկան 600 արկղ ձու, որն իրացվում է տեղական շուկայում:

Արագածոտնի մարզում նախարարը եղել է նաև Ագարակավան համայնքում, որտեղ ծանոթացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով իրականացված արոտների ջրարբիացման ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին:
Ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը:
Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանի տեղեկացմամբ ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որին անդամակցում են համայնքի 194 տնտեսություններից 119-ը, սակայն նա լիահույս է, որ անդամների թիվն աստիճանաբար կավելանա:

«Արագածոտնը հանրապետության ամենաշատ խնձորի այգիներ ունեցող մարզն է, այստեղ խնձորի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 2640 հեկտար: Դիտարկումները ցոււյց են տվել, որ այս տարի մարզում խնձորի բարձր բերք է սպասվում: Մարզի բնակիչները նաև զբաղվում են անասնապահությամբ , Ագարակավան համայնքում ստեղծվել է անասնապահական կոոպերատիվ, որին նախարարությունն առաջիկայում կտրամադրի գյուղտեխնիկա, մասնավորապես՝ խոտհնձիչ և հակավորող մեքենաներ՝ անհրաժեշտ խոտը կուտակելու համար: Այսօր հանրապետությունում գործում են նման 95 կոոպերատիվներ, որոնց կազմակերպումը թույլ է տալիս մարդկանց ավելացնել իրենց եկամուտներն ու լուծել առկա խնդիրները: Երկրորդ ծրագրով կլուծվեն նաև կաթի, մսի իրացման խնդիրները և մի քանի տարի անց մենք կունենանք զարգացած անասնապահություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս