Բաժիններ՝

Նազարբաևը վերստին սպառնացել է, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից

Tengri News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի բացառել, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ)՝ ընդգծելով, որ անկախությունն ամեն ինչից վեր է.

«Եթե չպահպանվեն համաձայնագրում շարադրված կանոնները, ապա Ղազախստանն իրավունք ունի դուրս գալ ԵՏՄ-ից: Ես այդ մասին ասել եմ նաև ավելի վաղ, և ես այդ մասին ասում եմ վերստին: Ղազախստանը չի լինի այն կազմակերպության մասը, որը սպառնալիք կներկայացնի իր անկախությանը:

Մեր անկախությունը բարձրագույն արժեք է, որի համար պայքարել են մեր նախնիները: Նախևառաջ մենք երբեք չենք հանձնվի որևէ մեկին և կանենք ամեն ինչ՝ մեզ պաշտպանելու համար»: Նազարբաևը վերստին հայտարարել է, որ ԵՏՄ-ում անդամ բոլոր երկրները պետք է ունենան հավասար իրավունքներ.

«Երբ Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները հավաքվում են միասին, որպեսզի որոշումներ ընդունեն, եթե այդ եռյակից մեկը դեմ է ինչ-որ բանին, ապա որոշում չի ընդունվում: Դա կոչվում է կոնեսենսուս: Եթե ինձ դուր չի գալիս նրանց որոշումը, ես դեմ եմ արտահայտվում դրան, և այն չի ընդունվի: Դա նշանակում է, որ մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղազախստանը երբեք էլ չի եղել անկախ պետություն, իսկ ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս