Բաժիններ՝

Հայաստան- Եվրամիություն առևտրաշրջանառությունը կրճատվել է

Այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կրճատվել է՝ 29.2%-ից դառնալով 28.6%: Նվազել է ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերներ համարվող Բելգիայի, Բուլղարիայի հետ առևտուրը, որոշ չափով ավելացել է առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ:

Ուշագրավ է, որ ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ծավալն ընդհանուրի մեջ իր առավելագույն նիշին էր հասել 2006 թ-ին՝ կազմելով 39.7% (655 մլն դոլար), սակայն գումարային արտահայտությամբ այն իր պիկում էր 2008 թ-ին՝ 1.12 մլրդ դոլար, որը ՀՀ ընդհանուր առևտրի 37.6%-ն էր: Դրանից հետո այս երկու ցուցանիշներն էլ անկում են ապրում:

Սակայն հարկ է նշել, որ գումարային արտահայտությամբ ԵՄ հետ առևտուրն աճել է 13 մլն դոլարով: Իսկ տեսակարար կշռի կրճատումը տեղի է ունեցել ՀՀ-ի՝ այլ երկրներ հետ առևտրի մոտ 2% աճով: Մասնավորապես, ՀՀ-ն ակտիվացրել է առևտուրը Չինաստանի, Ճապոնիայի, Իրաքի ու Թուրքիայի հետ:

Նույն ժամանակաշրջանում 0.9 տոկոսային կետով նվազել է նաև ԱՊՀ երկրների հետ ՀՀ-ի առևտրի տեսակարար կշիռը՝ կազմելով 27.0%: Թեև ԱՊՀ տարածքում ՀՀ-ի հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ առևտրի ծավալները 0.1%-ով ավելացել են, սակայն 0.6%-ով կրճատվել է Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս