Վարդան Պետրոսյանի պաշտպանը դատարանում ներկայացրեց դեպքի վայրում պաշտպանական կողմի կատարած լուսանկարները

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությն դատարանում շարոունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր նախատեսվում է հարցաքննել գործով մի քանի վկաների:

Մինչ վկաների հարցաքննությունը՝ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիլոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց դեպքի վայրում պաշտպանական կողմի կատարած լուսանկարներ՝ նշելով, որ դրանցով ևս ապացուցվում է, որ վթարն իրականում տեղի է ունեցել ոչ թե կողնակում, այլ ճանապարհի բանուկ մասում:

Դատական նիստի ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրությունը և դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը: Ըստ նրա՝ քննիչի կողմից կազմված դեպքի վայրի զննության արձանագրությունը և լրացուցիչ արձանագրությունը ձեռք են բերվել քննչական գործողության կարգի էական խախտմամբ, որը հանգեցրել է մեղադրյալ Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման և դա ազդել է ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Նախ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, որպես ընթերակա նշված է անձ, ով գոյություն չունի: Ըստ փաստաբանի, բացի դա՝ որպես ընթերակա նշված անձանցից մեկն էլ, համաձայն իր ցուցմունքի, չի մասնակցել քննչական այդ գործողությանը, քննիչը նրան չի բացատրել նրա իրավունքները, անգամ թույլ չի տվել, որ նա մոտենա և մասնակցի գործողությանը:

Կարդացեք նաև

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վկաների ցուցմունքից հետևում է, որ հրշեջ-փրկարարները, լվանալով բանուկ վայրում թափված ապակու և պլաստմասե բեկորները, տեղափոխել են կողնակ: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նշանակված դատավտոտեխնիկական փորձաքննության համար՝ որպես ելակետային տվյալներ են ընդունվել դեպքի վայրի զննության արձանագրությունն ու լրացուցիչ արձանագրությունը, որտեղ որպես ապակու թափման վայր նշված է եղել կողնակը, սակայն դրանք իրականում թափված են եղել բանուկ մասում:

Հետևաբար, ըստ փաստաբանի, պետք է ճանաչվի նաև դատավտոտեխնիկական փորձաքննության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված լուսանկարներն արված են դեպքից երկար ժամանակ անց, «չգիտես՝ ինչ պայմաններում»: Ըստ նրա՝ մինչև լվանալը կան դեպքի վայրում արված լուսանկարներ: Մեղադրողն ասաց, որ ոչինչ չի նշանակում վկայի ցուցմունքը, որին հղում արեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ մեղադրողի՝ դեպքի վայրում արված մի քանի լուսանկարներում երևում է վկան, հետևաբար՝ նրա հայտարարությունները «այս իրավիճակից խույս տալու նպատակ էին հետապնդում»:

Տուժողների և տուժողների ներկյացուցիչ Ռուբեն Բալոյանն առարկեց լուսանկարները քրեական գործին կցելու միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանք արվել են ուշ: Փաստաբանն ասաց, որ պաշտպանական կողմը խեղաթյուրել է վկայի ցուցմունքը: Նրա խոսքով՝ լուսանկարներում երևում է, որ ապակիների մեծ մասը թափված են ԲՄՎ-ի առջևի մասում: Ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությունները, ըստ նրա, պետք է մերժվեն:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչ էական հանգմանքների պարզումը:

Տեսանյութեր

Լրահոս