Ֆինանսների նախարարությունը պատասխանել է 168.am-ի հրապարակմանը
168.am-ը գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի, հարկային մարմինները, հարկերի հավաքագրման նորանոր աղբյուրներ փնտրելով, սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ՀՀ և ԼՂՀ ռեզիդենտների համագործակցությանը, ակտիվացրել են ստուգումները և ոչ ռեզիդենտի շահութահարկի ու ԱԱՀ գծով պարտավորություններ են գրանցվում: Մինչդեռ, նախկինում նման պրակտիկա չի կիրառվել: Մեր տեղեկությունը ճշտելու համար հուլիսի 29-ին հարցում էինք ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս կմեկնաբանեն մեր տեղեկությունները, արդյոք ՀՀ-ԼՂՀ ընկերությունների միջև գործարքների ստուգումները խստացվել են և ոչ ռեզիդենտի շահութահարկի ու ԱԱՀ գծով պարտավորություններ են հաշվարկվում, նախկինում եղե՞լ է նման պրակտիկա:
Այսօր ստացել ենք նախարարության պատասխանը, որում նշվում է, որ «ԼՂՀ-ում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններում ստուգումների ակտիվացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նմանատիպ ձեռնարկությունների գործունեության արդյունքում շահութահարկի և ավելացված արժեքի հարկի պարտավորությունների հարցերը կարգավորվում են համապատասխան համաձայնագրով: ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ՝ կապված չլինելով նրանց գրանցման վայրի հետ»:
Նախարարությունից միաժամանակ տեղեկացրել են, որ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ԼՂՀ-ում գրանցված և ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող որոշ ընկերություններում, որոնք առնչվել են առանց բեռն ուղեկցող և իրացումը հաստատող համապատասխան փաստաթղթերի մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման, ինչպես նաև ՀԴՄ-ների շահագործման հետ կապված խնդիրների հետ: