Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլի հրաժեշտի ուղերձում հիշատակվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին լրանում է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետը: Դրա հետ կապված՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժեշտի ուղերձ է հրապարակել նախագահական ապարատի ինտերնետային կայքում:

Գյուլը հայտարարել է, որ իր նախագահության 7 տարիներին «Չանքայա» նախագահական նստավայրի դռները բաց են եղել ժողովրդի առջև, և որ պետությունը չի հեռացել ժողովրդից: Գյուլն ընդգծել է, որ պետությունն ամենաբարձր մակարդակով վերջ է դրել գլխաշոր կրելու հետ կապված պառակտմանը:

Գյուլը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահներից առաջինն է այցելել ջեմևի (աղոթարան) և մասնակցել ալևիների իֆթարին (ճաշկերույթ): Գյուլը նշել է, որ իրենց ուշադրությունից չեն վրիպել ոչ մուսուլման քաղաքացիների խնդիրները, որ իրենք շարունակ շնորհավորել են նրանց՝ կապված կրոնական տոների հետ:

Գյուլը հայտարարել է, որ աջակցել քրդական հարցի կարգավորմանը, իր նախագահության ժամանակ ամրապնդվել են ասիական ու զարգացող երկրների հետ հարաբերությունները՝ ընդհուպ մինչև Աֆրիկա ու Լատինական Ամերիկա:

Գյուլն ընդգծել է, որ իր նախագահության տարիներին արտաքին քաղաքականության ոլորտի ուշադրության կենտրոնում են գտնվել Պաղեստինի ու Լեռնային Ղարաբաղի հարցերը` փորձելով զարգացնել խնդրի լուծման մոտեցումները:

Գյուլը կարևորել է նաև Կիպրական խնդրի լուծումը՝ հիշեցնելով, որ իր առաջին ու վերջին այցերը կատարել է դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Գյուլի կարծիքով՝ Թուրքիան պետք է դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս