«Միկա» մարզահամալիրը հանվել է հարկադիր աճուրդի. նախնական գինը՝ 9 միլիարդ դրամ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարկադիր աճուրդի է հանել «Միկա» մարզահամալիրը: Համապատասխան հայտարարությունը զետեղված է ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքի՝ աճուրդի հանված գույքի բաժնում։
Աճուրդը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 25-ին, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։ Համալիրի մեկնարկային գինը 9 միլիարդ 45 միլիոն դրամ է։ Այս պահի դրությամբ գնման որևէ առաջարկ ներկայացված չէ։
Նկարագրություն
Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան փողոց, թիվ 41 հասցեում գտնվող մարզական կոմպլեքս, չորս հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, առաջին հարկի ճակատային հատվածը պատված է սրբատաշ քարե սալերով, երկրորդ հարկի ամբողջ ծավալով առկա են ապակեպատ հատվածներ, դեպի մարզադաշտ նայող կողմը պատված է հատուկ ներկածածկույթով, միջհարկային ծածկը և հիմնակմախքը՝ երկաթբետոն, տանիքը՝ ազբոթիթեղ, ներքին պատերը մեծամասամբ պատված են լատեքս տեսակի ջրաէմուլսիոն ներկերով, առկա է կախովի առաստաղ, պատուհանները՝ եվրոպական արտադրության, մուտքի դուռը՝ երկաթյա, հատակը՝ բազալտ, կերամիկական սալիկներ և լամինատե մանրահատակ, պատերի և առաստաղի հարդարանքը՝ լատեքս, սանհանգույցը և լոգասենյակները պատված են բարձրորակ սալիկներով, շենքի ավարտվածության աստիճանը՝ 80%: Տարածքը ապահովված է նոր հիմնանորոգված ժամանակակից պոմպակայանով, անհատական ջեռուցման համակարգով և օդորակիչներով: Ընդհանուր մակերեսը՝ 3658.9քմ: Մարզաադաշտը իրենից ներկայացնում է 5421.5քմ մակերեսով տասը շարքից բաղկացած երկաթբետոնե կարկասով օվալաձև բաց կառույց՝ խոտածածկ տարածքով, որի հիմք է հանդիսանում երկաթբետոնե տաշտակը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կատարել կանաչ դաշտի ստորգետնյա ոռոգում, կառուցվել է 2008թ.-ին, արտաքին պատերը պատված են սրբատաշ քարե սալերով, հատակը միջանցքներում պատված է խճաբետոնով, կարող է տեղավորել 7250 մարդ /ապահոված է 7250 պլաստմասսե նստատեղերով/, ապահովված է մարզադաշտի շահագործման համար անհրաժեշտ արդի լուսարձակման համակարգով, նստատեղերի առաջին շարքը դաշտի մակերեսից բարձր է շուրջ 2.5 մետր, այդ հանգամանքը առաջին շարքին լավ տեսողության հնարավորություն է տալիս և անհնար է դարձնում հանդիսատեսի մուտքը խաղադաշտ, վերջին շարքի առանձին հատվածն ապահովված է երկաթբետոնե ծածկով, մարզադաշտն ապահովված է նաև պարփակված տարածքով, սանհանգույցով, արդի էլեկտրոնային ցուցափեղկով և արդի լուսարձակման համակարգով: Անշարժ գույքի շրջակա շինություններից ազատ տարածքը ամբողջությամբ բարեկարգված է՝ ներբակային ճանապարհները ասֆալտապատված և սահմանազատված են եզրաքարերով, բակի ճանապարհների ամբողջ երկայնքով կանոնավոր և հավասարաչափ կերպով առկա են խնամված դեկորատիվ թփեր և կանաչապատ տարածքներ, շենքի ճակատային հատվածին զուգահեռ անցնող հարթակը պատված է դեկորատիվ քարե սալերով, բակը գտնվում է խնամված և բարեկարգ վիճակում: Ապահովված է անվտանգության համակարգով և ներքին հեռախոսակապով: Հիմնական շինության ներքին հարդարման աշխատանքները ավարտված են: Առկա է սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, մարզական կոմպլեքսի համար հողամաս՝ 28846.3քմ: Շենքի հատակագիծը բաժնում գծանշված 5421.5քմ արտաքին մակերեսով շինությունները համարվում են ինքնակամ կառուցված: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ.-ի ՀՀ օրենսգրքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: