Իրանը կարող է արագացնել պաղեստինցիներին սպառազինելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վճռական պատասխան կտա Նաթանզի միջուկային համալիրի շրջան իսրայելական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ուղարկելու համար: Այս մասին երեկ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավարներից, գեներալ Ալի Գաջի Զադեն:
Նա հայտարարել է, որ հետախուզական ԱԹՍ-ը մուտք է գործել Իրանի փակ տարածք, ինչի դիմաց Իրանը կարող է արագացնել Արևմտյան ափի պաղեստինցիներին սպառազինելը: Գեներալն ընդգծել է, որ իրենք իրենց իրավունք են վերապահում ցանկացած պատասխան տալ նման ներխուժումներին, այդ թվում նաև կործանել ԱԹՍ-երը:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանն իր հերթին երեկ հայտարարել է, որ կործանված ԱԹՍ-ի բեկորները տեղափոխվել են երկրի գիտական լաբորատորիաներից մեկը, ուր փորձագետները կփորձեն բեռնել նրա հավաքած տվյալները:
Իրանցի փորձագետների խոսքերով՝ կործանված ԱԹՍ-ը նախատեսված է էլեկտրոնային հետախուզության և տեղանքը լուսանկարելու համար: ԱԹՍ-ի թևերի բացվածքը կազմում է մոտ 10 մետր, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1200 կիլոմետր: