
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամներին

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել կանադացի խորհրդարանականների ներդրումը հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրել են, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպմանը քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: