10 տարեկան Արթուրը սիրում է նկարել, բայց ներկերը վաղուց վերջացել են, չունի նաև կոշիկ, որպեսզի դպրոց հաճախի (տեսանյութ)

Արթուրը 10 տարեկան է: Աշխարհում ամենից շատ սիրում է նկարել: Իսկ հիմա իր նկարչական ներկերը և թղթերը վերջացել են, և նա չի կարողանում նկարել. սպասում է: Արթուրի նկարչության ուսուցիչը երբ նրա մեջ տաղանդ է նկատել՝ խոստացել է, որ Արթուրի նկարների համար ցուցահանդես կկազմակերպեն:

Արթուրի տատիկը՝ Ջուլիետա Քարամյանը, 168.am-ին պատմեց, որ Արթուրը կոշիկ չունի, որոնցով կկարողանա դպրոց հաճախել: Մեկ շաբաթից կսկսվեն դասերը, բայց նրանք դեռ չեն կարողացել գնել գրենական պիտույքներ, դպրոցական ուսապարկ, հագուստ, կոշիկ: Մինչև 5-րդ դասարանը թաղապետարանից օգնություն էին ստանում՝ պայուսակ, տետրեր, բայց այս տարի նրանց պատասխանել են, որ այսուհետ չի տրամադրվելու այդ օգնությունը, քանի որ նա արդեն 5-րդ դասարան է հաճախելու:

«Հենց որ տուն է մտնում, մի զույգ հողաթափ ունեմ, տալիս եմ իրեն, որ հագնի՝ ոտաբոբիկ չքայլի, ինքն էլ ասում է՝ տա՛տ ջան, ես տղա եմ, ինչի՞ ես տատիկի չստերը տալիս ինձ»,- պատմում է Արթուրի տատիկը: Երբ տատիկը նեղսրտում է, Արթուրը փորձում է ոգեշնչել նրան. ասում է՝ ոչինչ, մի քիչ էլ մեծանամ՝ լավ կլինի, տատի ջան, մի՛ մտածիր: Նա երազում է հեռախոս ունենալ, իսկ հաջորդ երազանքն է՝ դառնալ ոսկերիչ:

Տատիկը՝ տիկին Ջուլիետան, 60 տարեկան է: Նա հիվանդ է. գլխուղեղի թերսնուցում ունի. «Դեղեր են նշանակել, բայց ես իմ մասին չեմ մտածում: Այդպես էլ ոչ մի դեղորայք չեմ կարողանում գնել: Բացի այդ՝ ոսկորներս էլ են դեֆորմացվում»:

Կարդացեք նաև

Ջուլիետա Քարամյանը երկար տարիներ է՝ ամուսնալուծված է: Ապրում է իր դստեր՝ Լուսինեի և թոռան՝ Արթուրի հետ: Նրա ամուսինն իր նոր ընտանիքով ապրում է նույն բակում, սակայն ոչ մի օգնություն չի ցուցաբերում իր հարազատ աղջկան և թոռանը: «Տղա երեխա է, խաղում է բակում, տեսնեք՝ ինչպես է գոռում, թե մենք մեր հայաթի մեջ իրավունք չունենք խաղաղ նստել: Այդ երեխան կարծես իր թշնամին լինի: Թոռնիկս էլ ասում է՝ տատիկ ջան, ես իրավունք չունե՞մ մի հատ շվացնել»,- ասաց Ջուլիետան:

Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը պետական նպաստն է և հաշմանդամության թոշակը: Տիկին Ջուլիետայի աղջկա՝ Լուսինեի, հաշմանդամության թոշակը կազմում է 16 հազար 800 դրամ, 22 հազար 500 դրամ՝ նպաստը: Ապրում են 50-ական թվականների մի շինության մեջ: Տան տանիքի ծածկը գրեթե փլվում է:

Տիկին Ջուլիետան խոստովանեց, որ ամեն երեկո վախենալով է քնում, որ հանկարծ ինքն ու իր թոռնիկը չմնան տանիքի ծածկի տակ. «Սենյակում առաստաղը յուղաներկով ծածկված է. ամռանը անտանելի շոգ է, ձմռանը սարսափելի ցուրտ: Հիմա օդ չկա շնչելու, ջրի մեջ կորում ենք: Տունը լրիվ քայքայվում է: Առաստաղը քիչ է մնում ընկնի գլխներիս»:

Անցյալ տարի ամբողջ թաղամասը գազաֆիկացրել են, սակայն տիկին Ջուլիետան չի կարողացել գազ «քաշել». Անհրաժեշտ է եղել 55 հազար դրամ, ինչպես նաև գազի խողովակների համար գումար, ինչի հնարավորությունը նա չի ունեցել:

Արթուրի մայրը՝ Լուսինեն, ի ծնե հաշմանդամ է, կաղում է: Տիկին Ջուլիետան նշեց, որ նա նաև սրտի վիրահատություն է տարել 5 տարեկանում. «7 ամսական ծվեց, շատ թույլ էր: Ամիսներով հիվանդանոցներում էինք: Ներվին կպան, թե ինչ արեցին, չգիտեմ: Համարյա 3 տարեկան էր, քայլեց. կրունկը օդի մեջ էր պահում: Տարանք բշժկի, ասացին, այս հիվանդությունը գլխուղեղից է գալիս»:

«Աղջիկս հանդիպել էր մի տղայի. տուն-տեղ չուներ: Երեխան ծնվեց, դեռ քառասունքի մեջ էր, երբ նա գողություն արեց և նստեց 7 տարի: Փառք Աստծո, երեխան առողջ, շատ անուշ բալիկ է, միայն պետք է կարողանանք կերակրել, հագցնել, պահել: Արթուրս նայում է իր ընկերներին, ասում է՝ տատի ջան, ես էլ եմ հեռախոս ուզում. ինձ հեռախոս գնիր: Ասում եմ՝ Արթուր ջան, հիմա դրա ժամանակը չէ: Հիմա պետք է քո սննդի հարցերը լուծենք, որ առողջ մեծանաս»,- պատմեց Լուսինեի մայրը:

Լուսինեն անցյալ տարի վայր է ընկել. ոտքի ջիլը կտրվել է: Բժիշկները հանձն չեն առնում վիրահատել, քանի որ բարդ վիրահատություն է և անկանխատեսելի արդյունք կարող է ունենալ. վտանգ կա, որ որևէ նյարդ կվնասեն, և Լուսինեն կանշարժանա՝ կգամվի անվասայլակին: Բայց մյուս կողմնից էլ, ինչպես տիկին Ջուլիետան է ասում՝ ցանկացած պահի որևէ շարժում անելուց հնարավոր է ոտքի ներքևի հատվածն անջատվի ծնկից: Լուսինեն նույնպես վախենում է, և չի համաձայնում վիրահատության. «Կախված վիճակում է: Վախենում եմ գնալ վիրահատության, բայց այսպես էլ ցավում է»:

Լուսինեի միակ երազանքը աշխատելն է: Բայց նրան հրաժարվում են աշխատանք տալ, քանի որ կաղում է. «Շատ եմ ուզում գործ գտնել: Բայց առողջ մարդուն չեն ընդունում, ուր մնաց՝ ինձ ընդունեն: 25 տարեկան, անգլերենի իմացությամբ հավաքարար են պահանջում»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս