Եվրասիական միության անդամակցելու դեպքում ներդրումները կարող են նշանակալիորեն ավելանալ. ԿԲ
2014 թվականի առաջին կիսամյակում տնտեսությունում ներդրումային ակտիվությունը կանխատեսումներին համահունչ թույլ է եղել, ինչի մասին է վկայում հունվար-հունիս ժամանակահատվածում շինարարության ճյուղում թողարկման ծավալների ցածր մակարդակը:
Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի հարցումների՝ երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, ներդրումային ակտիվությունը փոքր-ինչ բարելավվել է: Տնտեսական աճի արագացմանը զուգընթաց՝ 2014 թվականին սպասվում է ներդրումային ակտիվության բարելավման շարունակում, այդուհանդերձ, ներդրումային ակտիվությունը տարվա համար շարունակում է գնահատվել թույլ, որի արդյունքում 2014 թվականին մասնավոր ներդրումները նախորդ տարվա համեմատ կարձանագրեն փոքր` 1.8% աճ:
2015-2016 թվականներին շինարարության ճյուղի կայունացման և մասնավոր հատվածում որոշակի նախագծերի իրականացման արդյունքում մասնավոր ներդրումները փոքր-ինչ կարագանան` աճելով նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր` 5-6% աճի տեմպերով:
Նշենք, որ ներդրումների վերականգնման գործընթացին նշանակալիորեն կնպաստի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով միջին ժամանակահատվածում համախառն ազգային խնայողությունների աստիճանական աճը:
Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեպքում տնտեսությունում նշանակալիորեն կարող են ավելանալ մասնավոր ներդրումները` արտահայտելով անդամ երկրների հետ համատեղ իրականացվելիք մի շարք ներդրումային նախագծեր: