Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանին. Ապստամբությունը ևս օրինական երևույթ է
Իշխանությունը ճշմարտության բացարձակ աղբյուր չէ, և եթե ընտրությունները կեղծվում են, իշխանության խնդիրը կարող է լուծվել արտահերթ իրավիճակներում: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը:
Նախագահը երեկ Ծաղկաձորում հանդիպել էր երիտասարդ լրագրողների հետ և, մասնավորապես, անդարդարձել էր ոչ իշխանական չորս ուժերի գործունեությանը և իր հրաժարականի հարցին: Սարգսյանը հայտարարել էր, թե, իր համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ, և այլ ժամանակ իշխանության խնդիր լուծելը նշանակում է՝ գտնվել օրենքից դուրս:
Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ այս մոտեցման հետ և բերում է իր փաստարկները` շեշտելով, որ Հայաստանում ընտրություններն ավանդաբար կեղծվում են, և իշխանությունը չի ձևավորվում օրինական ձևով, ուստի իշխանությունն իրավունք չունի խոսել օրինականությունից:
«Իշխանությունը պետք է առաջին հերթին օրինական լինի, որպեսզի խոսենք ընտրություններով ձևավորված իշխանության մասին: Իշխանությունների հեռացումը միայն ընտրություններով չի լինում. եթե իշխանությունը չի կատարում իր պարտականությունները, առաջանում են արտահերթ իրավիճակներ: Ամբողջ աշխարհում է այդպես: Իշխանությունը ճշմարտության բացարձակ աղբյուր չէ: Երևի թե Սերժ Սարգսյանը ծանոթ չէ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, որն, իմիջիայլոց, վավերացվել է նաև Հայաստանի կողմից, ինչը նշանակում է, որ այն Հայաստանի համար պարտադիր իրավական ակտ է: Այնտեղ հստակ նշված է, որ իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի դիմելու վերջին քայլին` ապստամբությանը: Այսինքն` ապստամբությունը ևս օրինական երևույթ է, եթե իշխանությունը զավթված է և չի կատարում իր պարտականությունները:
Եվ, վերջապես, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սերժ Սարգսյանը աշխարհում առաջին միապետը, բռնապետը, նախագահը չէ, ով ստիպված կլինի թողնել իշխանությունը: Այնպես որ, իշխանության ասածով չէ այդ ամենը կարգավորվում, այլ ժողովրդի ցանկությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա տպավորությամբ` Սարգսյանն իր խոսքով ապացուցել է, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) մասնավոր սեփականություն է. «Ըստ էության, Սերժ Սարգսյանը հիմնավորեց, որ ԱՎԾ-ն Հայաստանում մասնավոր սեփականություն է, որովհետև այնտեղ ասում է` «որտեղի՞ց գիտեն, որ ստվերը 70 տոկոս է, իրենք սեփական վիճակագրական ծառայությո՞ւն ունեն»: Հայաստանում միայն մի հոգի սեփական վիճակագրական ծառայություն ունի, դա Սերժ Սարգսյանն է: Այն, որ ստվերը Հայաստանի տնտեսության մեջ գրեթե 70 տոկոս է, ոչ միայն տեղական փորձագետներն են հայտնել, այլև միջազգային շատ հեղինակավոր կազմակերպություններ: Տարիներ շարունակ դրա մասին հայտարարել են»:
Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ նաև նախագահի` արտագաղթի պատճառների վերաբերյալ փաստարկների հետ և նրան խորհուրդ է տալիս միջնադարյան շահերի պես դերվիշի շորեր հագնել, գնալ ժողովրդի մեջ և տեսնել իրական պատկերը. «Իշխանությունը վարդագույն ակնոցներով է ներկայացնում իրավիճակը, որը հերթական անգամ կտրված է իրականությունից: Իր այդ մտքերը ոչ մի բան չեն տալիս հասարակությանը: Ինքը թող գնա, ասենք, Շիրակի, Լոռվա մարզ կամ ցանկացած մարզ, տեսնի, թե որքան մարդ կա: Իշխանություն ձևավորելու մասին խոսելիս` թող գնա Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ, որտեղ (նախագահական ընտրություններին) մոտ 80 տոկոս քվեարկություն է տեղի ունեցել, և տեսնի, թե այնտեղ ինչքան բնակիչ կա»: