Տնակային վատ պայմանների պատճառով երիտասարդ ընտանիքը քայքայվում է. ԳԱԼԱ
«Հայաստանի անկախությունն իր տարիքով ավելի փոքր է, քան իմ ապրած տնակը, որը իմ ծնողներին տրամադրել է Լենինականի Տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավարությունը երկրաշարժից անմիջապես հետո, երբ մեր ընտանիքը հայտնվել էր փողոցում»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասում է գյումրեցի անօթևան Արման Ասատրյանը, ով բնակվում է Խրիմյան Հայրիկ փողոցում տեղակայված 236/281 տնակում:
Նրա ընտանիքը ևս հաշվառված է անօթևանների հերթացուցակում, սակայն շարունակում են ապրել կիսախարխուլ և իր դարը վաղուց ապրած տնակ-հանրակացարանում:
«Երկրաշարժին կորցրել ենք ամեն ինչ, տուն-տեղ, ապրուստ և այլն, հիմա կորցնում ենք մեր առողջությունը, ծնողներս չդիմացան, նրանք շուտ մահացան, բազմաթիվ հիվանդություններ այս առնետանոցում ձեռք բերելուց հետո, հիմա հերթը մերն է, իմ կնոջ, երկու անչափահաս երեխաներիս և քրոջս»:
Երիտասարդի բնորոշմամբ արդեն վաղուց ընտելացել են թե՛ տնակային պայմաններին, թե՛ տարածքում բնակություն հաստատած առնետներին և թե՛ երբեմն գիշերային հյուրերին՝ փողոցային շների տեսքով:
«5 տարի է, ինչ ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա, բայց լիարժեք չեմ կարողանում ուրախանալ, որ հայրենի հողիս վրա ամուր կանգնած ընտանիք եմ ստեղծում, հայրենիքն է ինձ դավաճանում՝ ստիպելով, որ ապրեմ այս անմարդկային պայմաններում: Բնակարանային պայմաններից ելնելով՝ արդեն մի քանի անգամ բաժանվել եմ կնոջիցս, իսկ այս անգամ արդեն վերջնական, երեխաներիս կյանքը հազիվ կարողացանք փրկել, ասեցին թունավորվել են, բայց ինչի՞ց, դա մեզ համար մնաց հանելուկ: Մտածում եմ, որ հնարավոր է ջրից, քանզի մենք կոմունալ ոչ մի հարմարություն չունենք, թող ներվի ասածս. զուգարանային հարցերն անգամ չենք կարողանում կարգավորել, տեղ չունենք»:
Տնակատիրոջ բնորոշմամբ ամեն գիշեր առնետների կռիվ են տալիս, որ երեխաներին չվնասեն:
«Ինչքան կարելի է դիմանալ, վերջը երեխաներ եմ մեծացնում, մի՞թե մեր պատկան մարմինները երեխաներ չունեն, չեն պատկերացնի իմ զավակներիս տանջանքը:
Ամեն անգամ տարբեր պատրվակներով հրավիրում են կամ քաղաքապետարան, կամ մարզպետարան, ամեն անգամ ուրախանում եմ, ասում եմ հնարավոր է արդեն մեր հերթը հասել է, բայց ամեն անգամ մի նոր անհասկանալի տեղեկություն ստացած գալիս եմ տուն ու մտածում. Աստված իմ, ինչքան կարելի է մարդուն թալանել, այն էլ այն քաղաքացուն, ով դեռ բանակին զինվոր է տալու, ազգը բազմացնող մայր է դաստիարակելու:
Ամեն տարի անօթևանների ցուցակները թարմացնում են, ամեն անգամ մի ցուցակում հայտնվում եմ, ստանալու էի 4 սենյականոց բնակարան, վերջերս բնակարանների հանձնման ժամանակ իմացանք, որ մեզ հերթագրել են 3 սենյականոցների ցուցակում՝ պատճառաբանությամբ, որ ծնողներս մահացել են:
Ավելի ուշ, երբ 3 սենյականոցներն էին բաժանում, դիմեցինք, որ իմ հասանելիքս տրամադրեն, շատ փնտրեցին և գտան, որ ես հերթագրված եմ 4 սենյականոցների հերթացուցակում, վերջերս էլ իմացա, որ դարձյալ 3 սենյականոցների ցուցակում եմ տեղ գտել: Ո՞ւմ են խելագարի տեղ դրել, ո՞ւմ են հիմարացնում, էլ ոչ մի բան այս իշխանություններից չեմ հասկանում, գլուխս առնեմ ո՞ւր գնամ, տեղ չունեմ անգամ արտագաղթելու»:
Անօթևան գյումրեցու խոսքերով՝ ինքը 3 սենյականոց բնակարանին էլ է համաձայն, միայն թե դուրս գա տնակից, որ փրկի քայքայվող ընտանիքը:
«Վերջին անգամ հրավիրեցին անօթևաններիս քաղաքապետարան և ասացին՝ կցանկանա՞ք ԲԳՎ ծրագրով բնակարան ձեռք բերել, թե՞ կառավարությունը բնակարանաշինություն իրականացնելուց հետո նոր ձեր խնդրին վերջնական լուծում տա: Հիմա մտածում եմ, թե ինչ եմ ցանկանում, եթե ԲԳՎ, ապա ինչքան է դրա գումարը, ոչ մի հարցիս պատասխան չտվեցին, բայց ստիպում են մտածել, ինչի՞ մասին մտածեմ, որ այդ թղթի կտորը տան ձեռքս, չկարողանամ բնակարան առնել, դրա ժամկետն էլ անցնի, համարեն, որ լուծեցի՞ն իմ բնակարանիս հարցը: Չգիտեմ, ում ինչ հարցրի, պատասխանատուներից ոչ մեկն էլ ոչ մի բան չգիտեր, իրենք որ չգիտեն, ես որտեղից բան իմանամ»:
Մանրամասներն՝ այստեղ