
Պուտինը չի շնորհավորել Պորոշենկոյին՝ կապված Ուկրաինայի անկախության 23-րդ տարեդարձի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ Ուկրաինայում նշել են երկրի անկախության 23-րդ տարեդարձը: Դրա հետ կապված՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներից, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահից, Մեծ Բրիտանիայի թագուհուց, Ֆրանսիայի նախագահից, Հռոմի Պապից, Վրաստանի, Բելառուսի ու Լեհաստանի նախագահներից:
Դրա հետ մեկտեղ իր շնորհավորանքները չի հղել հարևան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պորոշենկոյի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի բնակիչները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն Ուկաինայի գործընկերն ու բարեկամն է թե՛ ամենալավ, թե՛ ամենաբարդ ժամանակներում:
Օբաման ընդգծել է, որ իրենք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու Ուկրաինայի իրավունքը: Պորոշենկոյին շնորհավորել են նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, Շվեդիայի թագավոր Կառլ XVI-ը, Ճապոնիայի կայսր Ակիխիտոն և այլք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն անտեսել է Ուկրաինայի անկախության տարեդարձը: Նրա կողմից շնորհավորելու մասին որևէ բան գրված չէ ո՛չ Կրեմլի կայքում, ո՛չ էլ Ուկրաինայի նախագահի կայքում: