Բաժիններ՝

Բացվել է «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության երևանյան գրասենյակը

Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության երևանյան գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:

Գրասենյակի բացմանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել թայվանյան «Դ-Լինկ» ընկերության փոխնախագահ Վլադիմիր Լիպպինգը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները:

«Դ-Լինկ» ընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին և հանդիսանում է ցանցային ու հեռահաղորդակցության սարքավորումների մշակման և արտադրության մեջ մասնագիտացված համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության 127 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք և սպասարկում ավելի քան 100 երկրներում:

«Դ-Լինկ» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2011 թվականին` Գյումրի քաղաքում: 2012 թվականին ՀՀ կառավարության և «Դ-Լինկ» ընկերության միջև ստորագրվել է երկարաժամկետ համագործակցության հուշագիր` Գյումրի քաղաքում ընկերության հետազոտությունների և թեստավորման կենտրոն հիմնելու վերաբերյալ: Կենտրոնի ստեղծման համար «Դ-Լինկ» ընկերության ներդրումը կկազմի 8.5 մլն ԱՄՆ դոլար:

Այսօր «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն ունի 12 աշխատակից, մինչև 2015թ. մարտի վերջ նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 25-ի: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 1,5 տարվա ընթացքում աշխատակիցների քանակն ավելացնել մինչև 40-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս