Ինչո՞ւ է վիզային ռեժիմի հարցը դուրս մնացել հայ-վրացական բանակցությունների օրակարգից
Հայ-վրացական հարաբերություններն ավելի զարգացած են հասարակությունների, քան պետական մակարդակով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան:
Մեր զրուցակցի խոսքով` Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը անհրաժեշտություն էր, քանի որ շատ կարևոր քաղաքական պահից առաջ, երբ Հայաստանը, ինչպես հայտարարվել է, հավանաբար կդառնա Եվրասիական միության անդամ, իսկ Վրաստանը կմտնի Եվրամիության ազատ առևտրի գոտի, «ժամացույցները ճշտելու» և առկա բոլոր խնդիրները քննարկելու կարիք կար:
Վրաստանի վարչապետի երկօրյա այցը մեկնարկել է օգոստոսի 21-ին: 32-ամյա Ղարիբաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև դեմ առ դեմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո երկու երկրների վարչապետերը բանակցությունները շարունակել են կառավարությունների ներկայացուցիչների ընդլայնված կազմով: Լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին կեսում ավելացել է 42 տոկոսով: Իսկ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ հատուկ ընգծվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը, քննարկումներ են եղել ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Այդուհանդերձ, համատեղ հայտարարության մեջ չկա անդրադարձ մի կարևոր խնդի` վիզային ռեժիմի հարցին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ հարցը չի քննարկվել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների նիստի ժամանակ:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ից 90 օրից ավելի Վրաստանում մնալ ցանկացող բոլոր օտարերկրացիները, անկախ այցի բնույթից, պետք է համապատասխան վիզա ստանան իրենց երկրում գործող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական ծառայությունից: Տրասնպորտային շրջափակման պայմաններում Վրաստանը, ըստ էության, միակ տարանցիկ երկիրն է Հայաստանի համար:
Սակայն Դավիթ Հարությունյանի կարծիքով` Վրաստանի կողմից վիզային ռեժիմի հաստատումը չի կարող լուրջ խոչընդոտ լինել, քանի որ խոսքը վերաբերում է միմիայն Վրաստանում երկարաժամկետ լինելուն, և վիզային ռեժիմը տարանցիկ հոսքերի վրա չի ազդի:
Անդրադառնալով հարցին` Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ դժվար թե վիզային ռեժիմը լուրջ խոչընդոտ լինի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար, բայց, մյուս կողմից, նաև ավելացրեց` վիզային ռեժիմ մտցնել-չմտցնելու քաղաքականությունը նաև յուրօրինակ քաղաքական ազդանշան է` տվյալ երկրների միջև հետագա հարաբերությունների խորացման տեսանկյունից:
«Եթե Վրաստանը իր հարևաններին, այդ թվում Հայաստանին նման ազդանշան է ուղարկում, նշանակում է, որ նա ապագայի հետ կապված որոշակի մտահոգություններ ունի»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով`վիզային ռեժիմի հարցին չանդրադառնալու պատճառն այն է, որ Հայաստանի կառավարությունը կարծում է, թե դա անիմաստ է, որովհետև Վրաստանը չի փոխի այն. «Հարցն այն է, որ Հայաստանը չի կարող պարտադրել Վրաստանին` համապատասխանեցնել իր ներպետական օրենսդրության զարգացման ուղղությունը Հայաստանի քաղաքացիների շահերին: Իրականում Վրաստանն աստիճանաբար գնում է դեպի Եվրոպական միություն և վաղ թե ուշ նա պետք է կարգավորումներ անի այս հարցում հատկապես այն հարևան երկրների հետ, որոնք եվրոպական ասոցացման տարածքում չեն: Հետևաբար, քանի դեռ Հայաստանն այդ տարածքից դուրս է, չի կարող ակնկալել այլ լուծումներ: Կարծեք թե, Երևանն այս պահին բավարարված է նրանով, որ խոսքը վերաբերում է 90 օր և ավելի ժամկետով Վրաստանում գտնվելուն, և բնակչության զգալի մասին այն չի վերաբերում, որովհետև բնակչության զգալի մասն 90 օրից ավելի չի անցկացնում Վրաստանում»:
Այս տարվա փետրվարին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցի ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ երկու հարևան պետությունների արտաքին քաղաքական ընտրությունները, այսինքն Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, և Վրաստանի կողմից Եվրամիության ազատ առևտրի գոտուն միանալը չպետք է խոչընդոտեն Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերություններին:
Չնայած սրան` Ս. Սաֆարյանը կարծում է, որ հայ-վրացական հարաբերություններն ավելի զարգացած են ժողովրդական դիվանագիտության, հասարակությունների, քան թե միջպետական մակարդակում.
«Եթե հետևում ենք Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, ապա վիզային ռեժիմի հարցը օրակարգում չկա, խոսք է գնում ընդամենը էլեկտրաէներգիա արտահանելու և այլ նկատառումներով Վրաստանի տարածքը օգտագործելու և այլ աննշան հարցերի մասին: Սա արդեն ցույց է տալիս Վրաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մակարդակը: Ըստ իս` իրական կյանքում ծավալվող իրադարձությունները, համագործակցությունը շատ ավելին են, քան դրանց արտացոլումները միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: Չի երևում Հայաստան-Վրաստան համագործակցության կարևորության պետական մոտեցումը: Եվ կյանքը միանգամայն այլ ուղղությամբ է գնում. միայն, ասենք, տարիների ընթացքում զբոսաշրջության աճը, մարդկանց շփումները, բիզնես ներդրումները Վրաստանի տարածքում ինքնին ցույց են տալիս հասարակությունների օբյեկտիվ շահագրգռվածությունը, բայց, ցավոք, նույնպիսին չէ կոնկրետ Հայաստանի կառավարության վերաբերմունքը վրաց-հայկական հարաբերությունների նկատմամբ»:
Ավելացնենք, որ այսօր Վրաստանի վարչապետին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստան և ընդծել, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Վրաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ համակարծիք է Սերժ Սարգսյանի հետ` երկկողմ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: