«Հիմա ինչ եմ ասում ես Գասպարյան Վովային: Հիշիր 2009թ. փետրվարի 3-ը». Շանթ Հարութունյանը դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այժմ մեղադրողը հրապարակում է քրեական գործի ապացույցները: Նա հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, դապատայթյունատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, ոստիկանների նկատմամբ նշանակված փորձաքննությունների եզրակացությունների եզրափակիչ մասերը;

Դատական նիստի ընթացքում մեղադրողը հրապարակեց Հատուկ քննչական ծառայության որոշումը՝ քրեական գործ չհարուցելու մասին: Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտնել են ՀՀ ոստիկանության պետի կողմից իրենց նկատմամբ կիրառված բռնության մասին: 2013թ. նոյեմբերի 14-ին ՀՔԾ-ն քրեական գործ հարուցելը մերժել էր «հանցագործության դեպքի բացակայության պատճառով»:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ բազմիցս նշել է՝ ինքը չի համարում, որ Հայաստանում արդարադատություն գոյություն ունի: Շ. Հարությունյանն ասաց, որ ստեղծվել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմ և ինքը դա տեսել է 2008թ. մարտի 1-ին, երբ իրեն 1 տարի մեկ ամիս պահել են «ընդամենը միկրոֆոնով խոսելու համար»:

Նա նշեց, որ Հայաստանում իշխանության է եկել «խունտա», որը մարդասպանություն կատարելով վերցրել է իշխանությունը, դրանից հետո մինչ այժմ այդ իշխանությունը որևէ օրինական գործընթաց չի արել:

Կարդացեք նաև

Շանթ Հարությունյանն ասաց, որ որոշել բռնությունների մասին դատարանում հայտարարել երկու պատճառով. «Մեկը՝ մարդկային որևէ արժեհամակարգ չկրող, բարոյական նկարագիրը զրոյացված էլիտա է ձևավորվել»: Շ. Հարությունյանն ասաց, որ երբ ինքը ասում է, որ իր նկատմամբ բռնոթյուն է կիրառվում, դա չի անում որպես բողոք՝ արդարադատություն ակնկալելով. դա ասում է, որ նրանք իմանան՝ «ամենաստոր սուկաներ են ընդամենը»:

«Էդ Վովան պիտի թասիբի ընգներ, ասեր՝ դու ով՞ ես, այ տղա, մտել ես ոստիկանություն, ասում ես՝ մենք իրար հետ նստել ենք: Հիմա երբ ես սա ասում եմ, ես նորից եմ կրկնում՝ ես զարացած չեմ, ես վախեցած չեմ, ոչ էլ այն ժամանակ եմ վախեցած եղել, ոչ էլ բողոքել եմ այն ժամանակ, ոչ էլ հիմա եմ բողոքում: Ես սրանով իմ հետագա գործողությունների բարոյական հիմքերն եմ նախապատրաստում ու ոչ թե դատարանների, արդարադատության առաջ, որը չկա, այլ հայ ժողովորդի, հայ հասարակության առաջ»,- ասաց Շ. Հարությունյանը:

Նա նշեց, որ ոստիկանությունում իրեն ասել են՝ ընտանիքդ պրոբլեմ կունենա, իսկ երբ ինքը նշել է, որ որդուց բացի հարազատ չունի, ոստիկաններից մի քանիսն ասել են՝ «տղեն կողքի սենյակում է»:

«Հիմա ինչ եմ ասում ես Գասպարյան Վովային: Հիշիր 2009թ. փետրվարի 3-ը»,- ասաց Շանթ Հարությունյանը, ում ընդհանտեց դատավորը՝ նշելով, որ դա կարող է ասել նրան:

«Գասպարյան Վովա, հիշի, իմ ծնունդը փետրվարի 3-ին է ու հիշի 2009թ. փետրվարի 3-ը»,- Շանթ Հարությունյանի խոսքերն ընդհատվեցին, քանի որ դատավորը հայտարարեց 30 րոպե ընդմիջում:

Տեսանյութը՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս