Անհրաժեշտ է վերաբացել Աբխազական երկաթուղին. Աբխազիայի նախագահի թեկնածու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիան պետք է աջակցի հանրապետության տարածքով նախկին Հարավկովկասյան երկաթուղու գործարկմանը, որը միմյանց կկապի Հայաստանն ու Ռուսաստանը:

Այս մասին գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Աբխազիայի նախագահի թեկնածու, Աբխազիայի Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան: Նրա խոսքերով՝ աբխազական կողմը դեռ չի հաշվարկել, թե որքան կարժենա երկաթուղու վերագործարկումը:

Բժանիան նկատել է, որ ֆինանսական խնդիրների համեմատ կան ավելի բարդ խնդիրներ, ինչը մասնավորապես վերաբերում է երկաթուղու վերաբացման քաղաքական ասպեկտին.

«10 տարի առաջ ցանկանում էին վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, սակայն քաղաքական ասպեկտների հետ կապված տարաձայնությունները հնարավորություն չտվեցին գործն առաջ տանել մինչև վերջ: Սակայն այն ժամանակ Աբխազիան ճանաչված չէր, ինչի համար էլ մենք կարծում ենք, որ մեզ կհաջողվի հարցն առաջ տանել մեռյալ կետից»:

Աբխազիայում նախագահական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 24-ին: Բժանիայից բացի, Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են Ռաուլ Խաջիմբան, Մերաբ Քիշմիրիան ու Լեոնիդ Ձապշբան:

Հիշեցնենք, որ Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը, ով հրաժարական տվեց գրեթե 3 ամիս առաջ, երեք տարի առաջ հայտարարել էր, որ Աբխազիան պատրաստ է բացել դեպի Հայաստան երկաթուղային տարանցումը, ինչը կարևոր է նաև Ռուսաստանի համար, սակայն դա կախված չէ միայն Աբխազիայից։

Տեսանյութեր

Լրահոս