Ֆինանսների փոխնախարարը՝ համալիրը ՊՆ-ին հանձնելու մասին
Կառավարությունն այսօր նիստում «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների» շրջանակում որոշեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն հանձնել պաշտպանության նախարարությանը: Մարզահամերգային համալիրն ունի ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ բյուջետային վարկի պարտք, նաև նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախս ավելի քան 205 մլն ՀՀ դրամ, իսկ բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չի կայանում:
Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:
Կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ համալիրի նախկին սեփականատեր ընկերությանը պետությունը վարկային երաշխիք էր տվել, և վարկը չմարելու պատճառով, այդ պարտավորությունն անցել է պետությանը: Նա հույս հայտնեց, որ մարզահամերգային համալիրը չի արժանանա այլ կառույցների (օրինակ՝ Երիտասարդական պալատի) տխուր ճակատագրին և ըստ նշանակության կծառայի:
Մանրամասները՝ տեսանյութում