Բաժիններ՝

Բոլոր ոլորտներն աճել են

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։ Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՝ 2014թ. հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 693.6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5%-ով։ Գյուղատնտեսության աճը կազմել է 3.2% (արտադրանքի ծավալը՝ 316 միլիարդ դրամ)։ Շինարարության ծավալը հաշվատու ժամանակահատվածում կազմել է 159.9 միլիարդ դրամ (աճը՝ 0.5%)։

Ամենից զգալի չափով՝ 5.5%-ով, աճել է ծառայությունների ծավալը։ Այս տարվա հունվար-հուլիսին ոլորտը տվել է 599.5 միլիարդ դրամի արտադրանք։

Անկում է արձանագրել միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 4325.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 4.2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Մանրածախ առևտրաշրջանառությունը կազմել է 1 տրիլիոն 213.3 միլիարդ դրամ (աճը՝5.6%)։

Ավելացնենք նաև, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս