Բաժիններ՝

Զարգացման հայկական գործակալությունը Հայաստանի տնտեսություն է ներգրավել մոտ 370 մլն դոլարի օտարերկրյա ներդրում. ԱՌԿԱ

Արդեն 16 տարի է` Զարգացման հայկական գործակալությունն աշխատում է տեղական շուկայում՝ ձգտելով հնարավորին չափ արդյունավետ օգտագործել իր մեխանիզմները ուղիղ օտարերկրյա ներդրումների ներգրավման և արտահանման խթանման հարցում: «ԱՌԿԱ» գործակալության հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության այն ծրագրերն ու խնդիրները, որոնց նպատակն է Հայաստանի համար ձևավորել այնպիսի երկրի վարկանիշ, որտեղ կարելի է զբաղվել բիզնեսով: 


«ԱՌԿԱ» – Ի՞նչ դերակատարություն է ունեցել Զարգացման հայկական գործակալությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում:

Ռ. Հարությունյան – Գործակալության ներգրավված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 370 մլն դոլար: Միաժամանակ ստեղծված աշխատատեղերի թիվը հասել է 1305-ի: Օտարերկրյա ներդրումներն ուղղվել են հետևյալ ոլորտներ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, ենթակառուցվածքի շինարարություն, հանքարդյունաբերություն, անշարժ գույք, էներգետիկա, ծառայությունների ոլորտ, արտադրություն և խմելու ջրի շշալցում, գյուղատնտեսություն, ոսկերչություն, ապակու արտադրություն: 

«ԱՌԿԱ» – Կցանկանայինք ավելի մեծ պատկերացում կազմել ներդրումների ուղղվածության մասին…

Ռ. Հարությունյան–  Առավել մասշտաբային ներդրումային նախագծերից չեմ կարող չնշել, մասնավորապես, Երևանում «Հայաս» ժամանակակից միկրոթաղամասի շինարարությունը (150 մլն դոլար), Չարենցավանում գործարար-կլաստերի ստեղծումը (10 մլն դոլար), ոսկերչության ոլորտում արված ներդրումները (5 մլն դոլար): 

Գործակալությունը երեք տարում ավելի քան 7 մլն դոլար է ուղղել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ամենախոշոր ներդրողներն են R&D կանադական ընկերությունն ու «Synopsis» ընկերությունը: Շինարարության ոլորտում ներդրվել է ավելի քան 140 մլն դոլար: ԶՀԳ-ի հետ գործընկերության շնորհիվ Ecorys. Management MIX և Armenbrok ընկերությունները 10 մլն դոլար են ներդրել Հայաստանի անշարժ գույքի ոլորտում: Ավելի քան 7 մլն դոլար է ներդրվել տուրիստական ենթակառուցվածքի զարգացման մեջ, իսկ 43 մլն դոլար է ուղղվել «Glassworld» ընկերության կողմից ապակե տարաների արտադրության կազմակերպման համար: 

«ԱՌԿԱ» – Այժմ ի՞նչ նախագծերի վրա է աշխատում գործակալությունը:

Ռ. Հարությունյան – Գործակալությունը դեղորայքային հումքի արտադրության նախագիծ է իրականացնում Ա. Լ. Մնջոյանի անվան Գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, «Ազադ ֆարմասյութիքըլ ինգրեդիենթս AG»-ի և ԶՀԳ-ի միջև այս տարի ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ շվեյցարական ընկերությունը նախագծի իրականացման համար կներդնի 5 մլն դոլար: Սկզբնական փուլում արդեն հատկացվել է 1,5-2 մլն դոլար՝ դեղագործական լաբորատորիայի կառուցման նպատակով, որը պետք է բացվի աշնանը, ինչպես նաև՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Մեր նախնական գնահատականներով՝ նախագծի հաջող իրականացման դեպքում դեղորայքի արտադրության ծավալը կարող է կազմել մինչև 30 մլն դոլար: Այս նախագիծը հետաքրքիր է ոչ միայն ներդրումների տեսակետից, այլ նաև դեղագործական հատվածի զարգացման տեսանկյունից, որը մինչև հիմա Հայաստանում այդքան էլ զարգացած չէ: Ունենալով սեփական հումքային բազա Հայաստանում՝«Ազադ ֆարմասյութիքըլ ինգրեդիենթս AG»-ին կկենտրոնանա մի քանի դեղորայքի արտադրության վրա: Միաժամանակ արտահանման համար կարտադրվեն ակտիվ դեղորայքային նյութեր: 

«ԱՌԿԱ» – Որ՞ շուկաների համար է նախատեսված այդ արտադրանքը:

Ռ. Հարությունյան – Սպառման հիմնական շուկաները կլինեն Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական երկրները, Կանադան: 

«ԱՌԿԱ» – Ինչո՞վ է բացատրվում հենց դեղագործական արդյունաբերության նկատմամբ առկա նման հետաքրքրությունը:

Ռ. Հարությունյան – Այս ոլորտում մենք մշակումների պակաս ունենք և շատ կցանկանայինք, որ օտարերկրյա ընկերությունների կողմից իրականացվող դեղագործական հետազոտությունների մի մասը տեղափոխվի Հայաստան: Սա հնարավորություն կտա մեր մասնագետներին զարգանալ, ծանոթանալ համաշխարհային բարձր տեխնոլոգիական մշակումներին, որոնց օգնությամբ հետագայում Հայաստանի համար կստեղծվի ինտելեկտուալ երկրի վարկանիշ, որտեղ կարելի է զբաղվել նման հետազոտություններով:   

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս