Բաժիններ՝

Տեղեկանքի անհիմն գներ՝ Գյումրու համատիրություններում

«Գյումրու «Մուշ-2» համատիրությունից բնակության վայրի մասին տեղեկանք տալու համար համատիրության նախագահը պահանջում է 5.000 դրամ եւ համատիրությունում նշում, թե այդ մասին կա ավագանու որոշում». այս բողոքով «Ասպարեզի» խմբագրություն դիմել էր քաղաքացիներից մեկը:

«Մուշ-2» համատիրության նախագահ Հակոբ Հունանյանը կայքի հեը զրույցում հերքեց նման տեղեկությունն ու ավելացրեց, որ համատիրությունում քաղաքացիներին տրվող բնակության վայրի մասին տեղեկանքի գինը սահմանված է 500-1000 դրամ:

Գները սահմանվել են` հաշվի առնելով բնակչության սոցիալական պայմանները. դրանք հաստատվել են համատիրությունների նախագահների ընդհանուր ժողովում:

Խիստ անապահով անձանց էլ, համատիրության նախագահի խոսքով, տեղեկանքները տրամադրում են անվճար:

Սակայն, երբ քաղաքացին հաջորդ օրը մեզ տրամադրեց նույն համատիրության տեղեկանքի վճարման անդորրագրի պատճենը, որտեղ տեղեկանքի գինը նշված էր 5.000 դրամ, Հ.Հունանյանը հաստատեց, որ այդ արժողությամբ տեղեկանքներն իրենք տրամադրում են, բայց` հյուպատոսարաններ ներկայացնելու համար: Նման տեղեկանքի գինը, ըստ Հ.Հունանյանի, կրկին սահմանվել է համատիրությունների նախագահների ընդհանուր ժողովում:

Անհասկանալի, թե ինչու էր պաշտոնյան առաջին օրը կտրականապես հերքում 5000 դրամ արժողությամբ տեղեկանքի մասին տեղեկությունը, իսկ երկրորդ օրը, իմանալով քաղաքացու անդորրագրի պատճենի մասին, հաստատում է այն:

Բացի այդ, անհասկանալի է, թե ինչ մարմին է Համատիրությունների նախագահների ընդհանուր ժողովը, եւ ինչ իրավունքով է գներ սահմանում համատիրություններում քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար, որտե՞ղ է ամրագրված այդ իրավունքը: Ոչ «Համատիրության մասին» ՀՀ օրենքը, ոչ էլ «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» օրենքը չեն սահմանում որեւէ այդպիսի վերհամատիրական մարմին, որն էլ տեղեկանքների գներ սահմանելու լիազորություն ունենար: Այդուհանդերձ, լուրջ ընդունելով Գյումրու «Մուշ» համատիրության նախագահի հայտարարությունն այն մասին, թե Համատիրությունների նախագահների ընդհանուր ժողովը նման բան է որոշել, պիտի համարենք, որ դա ընդամենը համատիրությունների (անհայտ է անգամ, թե քանի համատիրության մասին է խոսքը, եւ` ինչ աշխարհագրություն այն ունի) նախագահների կամավոր եւ ոչ ֆորմալ մի ժողով է, որը, անշուշտ, կարող է գոյություն ունենալ, բայց դրա «որոշումները» որեւէ իրավական ուժ ունենալ չեն կարող համատիրությունների անդամ քաղաքացիների վրա:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս