Հայրիկյանը՝ իր հացադուլի և Պուտինի մասին. 21-րդ դարում պատերազմ սանձազերծել կարող է միայն հոգեկան հիվանդը

«Ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները՝ իրենց բոլոր հաջող դրսևորումներով հանդերձ, ընդհանուր առմամբ ,խորապես ձախողված են, և այսպիսի ձախողման պայմաններում ոչ թե ինչ-որ մեկը պետք է պահանջեր, այլ իշխանությունները իրենք կասեին, որ՝ «մենք ձեզ առաջարկում էինք տանել Սևանա լիճ, բայց չտարաք, տարանք Այղր լիճ: Ուրեմն՝ ես սխալվել եմ, ես լավ առաջնորդ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իր՝ սպետեմբերի 8-ին նախատեսված հացադուլի մասին:

Նա նշեց, որ իր զինակիցների մի մասը գտնում են, որ հացադուլ պետք չէ անել. «Նաև համակիրներից բազմաթիվ մարդիկ դիմնեցին, թե իբր հացադուլն արժեզրկված է, և արժազրկել են մանավանդ վերջերս որոշ գործիչներ: Ես կարծում եմ, որ այդպես չէ: Հացադուլը որևէ հարցի նկատմամբ ուշադրություն գրավելու ձևերից մեկն է, և կարելի է դա օգտագործել՝ ըստ նախասիրության. կարող ես պաստառով կանգնել, կարող ես նստացույց անել, կարող ես բողոքի մեծ ցույց հրավիրել, կարող ես անհատապես: Բայց քանի որ ԱԻՄ-ը մեկ մարդու կուսակցություն չէ, այլ կարող եմ ասել ազգի կուսակցություն է, ես իմ զինակիցների կարծիքը հաշվի եմ առել ու հաշվի եմ առնում, պետք է դեռ մտածեմ, ավելի շուտ, փորձեմ նրանց համոզել, որ իմ մոտեցումը ճիշտ է, և ինչպես ծրագրել եմ սեպտեմբերի 8-ին սկսեմ այդ հացադուլը՝ օրվա իշանություններին սթափվելու և իրավիճակը ճիշտ գնահատելու, դրանից բխող ճիշտ քայլեր կատարելու հորդորով:

Ինչ վերաբերվում է հրաժարական պահանջելուն, դա պետք է որևէ անհատ կամ կուսակցություն չանի, դա պետք է լինի հասարակական պահանջ»:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք իշխանությունն առանձնապես հուզումնալից կընկալի նրա հացադուլը, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ես վերջին շրջանում հրաժարականի մասին չեմ խոսել: Հրաժարականի մասին քառյակ կոչվածի ներսում էին խոսում՝ պահանջել-չպահանջել, հետո պարզվեց, որ որևէ հարցում հայտարարի գալու լուրջ խնդիր ունեն իրենք: Հրաժարականի մասին խոսում են ընտրությունների ժամանակ՝ արդյունքներից դժգոհ: Ես վերջին տարիներին չեմ խոսել հրաժարականի մասին: Մյուս քաղաքական ուժերի հրաժարականի պահանջը հիմնականում ուղեկցվել է նրանով, որ՝ «մենք ենք ուզում իշխանությունը, դրա համար հրաժարական տուր»:

Կարդացեք նաև

Իսկ կհուզվե՞ն, թե՞ չէ… Ինչպե՞ս կարող են չհուզվել: Չեմ պատկերացնում, որ որևէ մարդ չհուզվի, երբ իմանա, որ ոչ անձնական նկատառումներով, այլ ազգի համար որևէ մեկը դիմում է հրապարակային, ինքն իրեն վնաս հասցնող միջոցառումների: Բոլոր առողջ մարդիկ պետք է հուզվեն, որ ի՞նչ արեցինք մեր ազգայի ազատագրական պայքարի առաջնորդ Հայրիկյանին, ով դեռ 45 տարի առաջ գլխավորել է մեր ազգի լավագույն նպատակները, այդ մարդուն մենք այսօր ստիպում ենք նստել հացադուլ անել»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե սահմանին տիրող իրավիճակի, դիվեսիաների ֆոնին որքանո՞վ է նպատակահարմար այս պահին հացադուլ անելը,Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Դիվերսիաները վերջացել են: Քանի որ դիվերսիաներ եղան, հենց դրա համար էլ պետք է հրաժարական տան: Չի կարելի 7 տարի լինել իշխանության և էական քայլեր չանել՝ երկրում խաղաղություն ապահովելու նպատակով: Ինձ թվում է՝ մենք բավարար քայլեր չենք անում հարևանների հետ հաշտության հասնելու ուղղությամբ: Աշխարհի անվտանգության բազմաթիվ ճանապարներ կան: Կարելի էր փորձել Ադրբեջանի հետ համաձայնության գալ՝ հրապարակային խոսակցություններով: Մենք ռուսի պոչը բռնած գնում ենք: Ռուսի հետ էլի պետք է լավ լինես՝ և՛ ռուսի, և՛ պարսիկի, և՛ թուրքի, և՛ չինացու: Եվրոպական երկրները արժեքային համակարգի վրա հիմնված, քաղաքակրթության, ձեռքբերումների վրա համախմբված պետություններ են: Ռուսաստանն ինչի ՞վրա է ասում համախմբվենք: Ինչի՞ պետք է իմ ժողովուրդը գնա ոչ քաղաքակրթության առաջադեմ ուժերի հետ, այլ գնա ինչ-որ ամբիցիաներով առաջնորդվող նորագույն հիտլերներ կոչվողների հետ: Հետո ամոթ չի՞ լինի մեր երեխաների համար մի 50 տարի հետո, կասեն՝ լավ էդ հայերդ բոլորդ բո՞ւթ էիք, ձեր մեջ չկա՞ր մեկը, որ ասեր՝ չե՞ք տեսնում այնտեղ 16 տրիլիոն ունեցվածք ունեցող, 28 երկրների համագործակցության հասած Եվրոպական միությունն է, այս մյուս կողմում՝ մի հատ ցնդած Պուտին: Ցնդած, որովհետև եթե պատերազմ ես սանձազերծում, դու ցնդած ես: 21-րդ դարում պատերազմ սանձազերծել կարող է միայն հոգեկան հիվանդը»:

Տեսանյութեր

Լրահոս