Գոմեշի մսի գործն ուղարկվել է Սյունիքի դատարան
Տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործն արդեն դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ալբերտ Օհանջանյանին (Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումրը հափշտակել է`ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի`126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս»:
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Քրեական օրենսգրքով այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին: