ԱԺ-ի կողմից «թաքնված գրաքննություն» իրականացնելու փորձը դեռ կյանքի չի կոչվի
Այսօրվանից սկսվում է Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Այս մասին ԱԺ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ առանց խոսելու սահմանափակումների մասին, սա նշանակում է, որ լրատվամիջոցն իր հայեցողությամբ ընտրում է լրագրողին եւ հավատարմագրման դիմում ներկայացնում: Բայց սա չի նշանակում, որ Գալուստ Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հրաժարվել են իրենց մտադրությունից:
ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ. Թովմասյանը նշել էր միայն, որ ցանկացած որոշում իրականացնելուց առաջ քննարկում կկազմակերպվի լրատվամիջոցների խմբագիրների մասնակցությամբ: Իսկ արդյո՞ք խորհրդարանը նման իրավասություն ունի, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս կողմ է Թովմասյանի որոշ պատճառաբանություններին, բայց վստահ է, որ դա ոչ թե խորհրդարանի, այլ տվյալ լրատվամիջոցի կարգավորելիք խնդիրն է: Նշում է. «Դա պետական մարմնի որոշելիք հարցը չէ, խմբագրությունն ինքն է որոշում, թե տվյալ թեման, ոլորտը ինչպես պետք է լուսաբանվի, որ լրագրողը պետք է լուսաբանի, եւ որ պետական մարմնում որ լրագրողը պետք է հավատարմագրված լինի: Դա ԱԺ-ի հարցը չի, որ ասի՝ ինձ մոտ այս տիպի, այս կարգավիճակի, այս ստաժ ունեցող լրագրողի ուղարկեք»:
Թեեւ ինքն էլ այն կարծիքին է, որ որոշ լրագրողներ ԱԺ-ի միջավայրին ոչ հարիր հագուստով են ներկայանում, այնուամենայնիվ «դրես-կոդ» սահմանելու իրավունք ԱԺ-ն լրագրողի նկատմամբ չունի. «Հասկանում եմ, որ խնդիրը հասունացել է, որովհետեւ ինքս էլ եմ ականատես եղել, թե ինչպես որոշ հավատարմագրված լրագրողներ, իգական սեռի ներկայացուցիչներ իսկապես շատ ոչ աշխատանքային հագուստով են գնում, կարծես թե նրանք ոչ թե լրագրողի աշխատանք կատարելու համար են գնացել, այլ անձնական հարցեր լուծելու: Համենայնդեպս այդպիսի հագուստով դժվար թե մարդ կգնար աշխատանքի: Դրա մասին բարձրաձայնել են որոշ պատգամավորներ, դրա մասին հենց լրագրողական շրջապատում են խոսում, բայց դա պետական մարմինը չէ, որ պետք է կարգավորի: Ես կարծում եմ, որ այլ մեխանիզմներ կան այդ հարցը լուծելու, նախ ինքը՝ լրատվամիջոցը, պետք է կոլեկտիվի ներսում որոշ կանոններ հաստատի, դա նույնպես ներքին կարգավորման խնդիր է, եւ լրագրողը եթե գնում է հարցազրույց վերցնելու կամ եթե հավատարմագրված է որեւէ պետական մարմնում, ապա համապատասխան տեսք պետք է ունենա եւ համապատասխան հագուստով՝ հարմար, կոկիկ հագուստով պետք է լինի, բայց ոչ ճչացող»,-նշում է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: